Բաժիններ՝

Մայրը պատմել է, թե ինչպես է սպանել նորածնին

«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում իր նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող Նարինեի (անունը փոխված է) նկատմամբ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն է նշանակվել:

Նարինեն երեխային ծննդաբերել է 2013 թվականի մարտի 10-ին՝ ժամը 22:25-ին, որից մի քանի ժամ անց, երբ նա երեխայի հետ տեղափոխվել էր հիվանդասենյակ, նորածինը հայտնաբերվել է մահացած։

Դեպքի առթիվ  Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝   ՀՀ քրեական օրենսգրքի  106-րդ հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը), որի շրջանակներում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ նորածին երեխայի դիակի ղատաբժշկական, Նարինեից   վերցված   եղունգների նմուշներով դատակենսաբանական փորձաքննություններ։

Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, հարցաքննվել է նաև նորածնի մայրը, ով նկարագրել է, թե ինչպես է սպանել իր փոքրիկին։ Պարզվում է Նարինեն, նախկին ամուսնությունից ունի երկու անչափահաս երեխա, իսկ երրորդ փոքրիկը եղել է անցանկալի և արտաամուսնական հարաբերությունների պտուղ։ Հղիացել է ոմն Արտակից և ի սկզբանե դեմ է եղել ծննդաբերությանը և երեխայից ազատվելու այլ տարբերակ չի գտել քան տանջամահը։ Դժվար է հավատալ, որ սա իրականություն է, բայց 28-ամյա կնոջ ցուցմունքի համաձայն, նա նախ անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, այնուհետև ձեռքերով սեղմել դեմքը, ապա ձեռքով անկողնու վրայից հրել նորածնին և վերջինս դեմքի մասով ընկել է հատակին՝ գլուխը հարվածելով անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը մահացել է:

Սպանված նորածնի մայրը ներկայումս ազատության մեջ է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, սակայն անկախ դրա պատասխանից տրամաբանական հարց է առաջանում արդյոք այդ կինը վտանգավոր չէ մյուս երկու երեխաների կյանքի ու անվտանգության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս