
Գագիկ Բեգլարյանը համաձայն է, որ վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է

Տրանսպորտի և կապի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կիսում է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տեսակետը, թե վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է եղել: «Ես էլ եմ այդ կարծիքին»,- Aravot.am-ին ասել է պարոն Բեգլարյանը: Հարցին, թե այդ հայտարարությունը ավագանու ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ականներն անում են քարոզչակա՞ն նպատակով, թե՞ իսկապես այդպես են կարծում, Գ. Բեգլարյանը չի պատասխանել: Aravot.am-ը նախարարից նաև հետաքրքրվել է, թե արդյոք վերջինս չի՞ թերագնահատում իր և նախկին ՀՀԿ-ական քաղաքապետերի աշխատանքը՝ Տ. Մարգարյանին լավագույնը համարելով։ Գ. Բեգլարյանն այս հարցին ի պատասխան ասել է. «Չեմ թերագնահատում: Ես Շարմազանովի ասածները չեմ ցիտում: Շարմազանովը ցիտում է Ադիբեկյանի ասածները, իսկ ես Շարմազանովի ասածը չեմ ցիտում: Լուրջ հարց ենք քննարկում, ես ասում եմ համաձայն եմ: Ինքնագովերգությամբ մեկ է՝ չեմ զբաղվելու, համաձայն եմ Շարմազանովի ասածներին»: