
«Մեր պայքարը ոչ շոու է, ոչ պաշտոնակռիվ, ոչ իմիտացիոն գործըթնաց».Արմեն Մարտիրոսյան

«Բարև Երևան» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն Ազատության հրապարակում այսօրվա բացօթյա մամուլի ասուլիսը սկսեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը խանգարողներին քննադատելով:
«Շատ դժվար է, երբ դու պայքարում ես ոչ միայն իշխանությունների կամայականությունների դեմ, այլ նաև փորձում ես պայքարը տանել այն դեպքում, երբ իրենց փորձագետ հռչակած մարդիկ են խագարում: Նույնիսկ ոչ իշխանական դաշտից ուղղորդվող մի մաս փորձում է ներկայացնել, թե այն, ինչ առաջարկվեց նախորդ հանրահավաքի ժամանակ, դա առևտուր է, բազար է»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով,կան մարդիկ, ովքեր փորձագետի կամ ընդդիմադիրի պատմուճան են հագել, սակայն իրականում իրենց հարվածելով են զբաղվում: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե նման մարդիկ չեն ցանկանում տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների այն մասը, որ վերաբերում է արտահերթ ընտրություններին և սահմանադրական փոփոխություններին և կենտրոնանանում են միայն պաշտոնների թեմայի վրա՝ դրանով ցանկանալով երկխոսությունը ներկայացնել իբրև գործարք իշխանությունների հետ: Նա ասաց, թե առավել դժվար է այսպիսի ուժերի դեմ պայքարելը, քանի որ գոնե իշխանությունները բաց են գործում:
«Մենք վճռական ենք, մենք իսկապես լծվել ենք , բովանդակային պայքարի, բովանդակային քայլերի համար, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում: Մեր պայքարի իմաստը բացառապես բովանդակային է, ոչ շոու է, ոչ պաշտոնակռիվ, ոչ իմիտացիոն գործըթնաց»,-հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: