Բաժիններ՝

Եվա Ռիվասը երեխա չունի, բայց երազում է 5 երեխա ունենալ. մամուլ

Ռուսաստանաբնակ հայ երգչուհի Եվա Ռիվասը հարցազրույց է տվել «Ժամանակ» օրաթերթին։

– Եվա, facebook–ի Ձեր էջում գրել էիք, որ մարտի 22–ին ավտովթարի եք ենթարկվել։ Ինչպե՞ս տեղի ունեցավ։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում։

– Շնորհակալություն, հիմա ես շատ ավելի լավ եմ, բայց դեռ անհրաժեշտ է շարունակել բուժումը, որ հանկարծ հետևանքներ չմնան։ Իսկ թե ինչպես տեղի ունեցավ, շատ հանկարծակի։ Ես, ինչպես միշտ, մոռացել էի ամրացնել անվտանգության գոտիները, իսկ տաքսու վարորդը շատ անզգույշ էր։ Ինչ արած, հաստատ իմ վարորդին էլ երբեք բաց չեմ թողնի։

– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։ Լուրեր են պտտվում, որ ամուսնանում եք։

– Ես հիմա ամբողջովին կլանված եմ աշխատանքում, իսկ ապագայի ծրագիր դեռ չունեմ։ Հիմա մեկ նպատակ ունեմ՝ նախապատրաստվել մենահամերգին։ Ամուսնանալու մասին, եթե անկեղծ ասեմ, դեռ չեմ մտածում։ Ես չեմ սիրում գուշակությամբ զբաղվել։ Միայն մի բան կարող եմ ասել իմ կողքին արժանի երիտասարդ անձնավորություն է, ով ինձ շատ է սիրում, իսկ դա ամենակարևորն է։ Ամեն ինչ կարող է պատահել, և մեզնից որևէ մեկը չգիտի, թե ինչ է ճակատագիրը պատրաստել մեզ համար…

– Դուք «Եվրատեսիլ-2010» միջազգային երգի մրցույթին ներկայացրիք Հայաստանը՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հնարավորություններ ունենք 2013-ին։ Ճանաչո՞ւմ եք Գոռ Սուշյանին, որն այս անգամ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2013» միջազգային երգի մրցույթում։

– Իհարկե ճանաչում եմ Գոռին, նա իմ լավ ընկերն է։ Բացի այդ, մենք «Եվրատեսիլ–2010»–ին միասին հրաշալի աշխատեցինք, և ես շատ մեծ հույս ունեմ, որ նա այդ ընթացքում սովորեց այնպիսի բաներ, որոնք կօգնեն նրան այս տարի թույլ չտալ սխալներ։ Նման փորձը թանկ արժե։ Եթե երկրորդ անգամ գնալու լինեի «Եվրատեսիլ», ես շատ բաներ կանեի այլ կերպ՝ շատ ավելի բարձրորակ ներկայացնելու համար։ Ես լսել եմ Գոռի երգը, որը պետք է ներկայացնի «Եվրատեսիլին», և այն ինձ շատ է դուր եկել։ Հավանաբար երբեք չի լինի այնպես, որ Գոռի կատարումներից ինձ ինչ-որ մեկը դուր չգա։ Նա ինքնավստահ է, ունի հրաշալի ուժեղ ձայն՝ կատաղի էներգետիկայով։ Սա ամենակարևորն է։ Իսկ մնացածն արդեն եվրոպաբնակների ձեռքին է, և հույս ունեմ, որ կսիրեն նրան և նրա երգը այնպես, ինչպես մենք բոլորս ենք սիրում։

– Արդյոք առաջիկայում համերգային ծրագրեր ունե՞ք Հայաստանում և արտերկրում։

– Ինչպես ասացի, իմ նպատակը, ինչպես միշտ, գլոբալ է՝ մենահամերգ։ Եվ եթե Հայաստանը ինձ թույլ տա (ծիծաղում է), ես այն կիրականացնեմ և կիրականացնեմ բարձր մակարդակով։ Ես շատ առաջարկներ եմ ստացել տարբեր երկրներից, բայց դրանք դեռ մերժում եմ մինչև այն պահը, երբ պատրաստ կլինի արժանի ծրագիր։

– Եթե չեմ սխալվում, Դուք փոխել եք Ձեր պրոդյուսերին՝ Վալերի Սահարյանին, ինչո՞ւ։ Ինչ-որ խնդիրնե՞ր էին ծագել։ Հիմա ունե՞ք նոր պրոդյուսեր։

– Վալերի Սահարյանի հետ մենք շատ վաղուց ենք դադարել համագործակցել։ Ուղղակի մեր աշխատանքային հարաբերությունները, այսպես ասած, իրենց դարն ապրել էին։ Մենք հրաշալի աշխատեցինք մի քանի տարի։ Նա՝ որպես իր գործի պրոֆեսիոնալ, արեց ինձ համար ամեն հնարավորը և ապահովեց բարձր մակարդակ «Եվրատեսիլում»։ Նրան դրա համար անչափ շնորհակալ եմ։ Եթե նա չլիներ, ինձ մոտ ոչինչ էլ չէր ստացվի։ Հիմա ինձ հետ աշխատում է խումբ, որն օգնում է ամեն ինչում։ Արդյունքները Դուք գնահատեք։

– Եվա, գիտեմ, որ երազում եք հինգ երեխա ունենալ, իսկ հիմա աղջի՞կ ունեք, «ֆեյսբուքյան» լուսանկարներն այդպիսի տպավորություն են թողնում։

– Այո, արդեն երկար տարիներ է՝ հինգ երեխա ունենալու երազանք ունեմ, ինչը ես մտադիր եմ իրականացնել, մանավանդ, որ ինձ մոտ մեծ է երկվորյակներ կամ անգամ եռյակ ունենալու հավանականությունը։ Իսկ աղջիկը, որն իմ նկարներում է, զարմուհիս է՝ Ալեքսանդրան, քրոջս դուստրը։ Ես ոչ միայն նրա մորաքույրն եմ, այլ նաև կնքամայրը։ Այնպես որ, խոսակցություններն այն մասին, որ նա իմ դուստրն է, ճիշտ չեն։

– Եվա, իսկ որքանո՞վ եք հետաքրքրվում Հայաստանի ներքաղաքական կյանքով։

– Չեմ խառնվում այն ամենին, ինչին կոմպետենտ չեմ 100%-ով։

– Իսկ շոու-բիզնեսը արդյոք քաղաքականության մաս չէ՞։

– Գուցե ինչ-որ մեկի համար դա այդպես է, բայց ես հաստատ կարող եմ ասել, որ ինձ այդ ամենին մաս չեմ համարում։

– Օրինակ՝ Ձեզ չի՞ հետաքոքրում՝ ով է երկրի նախագահը, ի՞նչ աշխարհայացք ունի, ի՞նչ արժեքներ եք կարևորում։

– Իհարկե հետաքրքրում է, բայց առանց ֆանատիզմի։ Ես չեմ համարում դա քաղաքականությամբ հետաքրքրություն։

– Ի՞նչն եք ամենից շատ գնահատում մարդու մեջ։

– Կարեկցելու ունակությունը… դա արդեն շատ բան է ասում Նրա մյուս որակների մասին…

Սիրանույշ Պապյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս