«Ես երբեք չեմ նեղսրտում աշխատանքի համար, չի՞ երևում». Գագիկ Բեգլարյան
«Ոչ մեկը չի կարող ասել՝ կուսակցությունն ի՞նչ է որոշելու, իրեն պաշտպանող քաղաքական ուժն ի՞նչ է որոշելու: Կգա ժամանակը, բոլորս կտեսնենք»,- պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ինքը կընդգրկվի՞ նոր կառավարության կազմում՝ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Հարցին՝ արդյոք չի՞ նեղսրտի նախարարի պաշտոնում չնշանակվելու դեպքում, վերջինս պատասխանեց. «Ես երբեք չեմ նեղսրտում աշխատանքի համար, չի՞ երևում»:
Անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, Գագիկ Բեգլարյանն ասաց, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ է տանելու այդ ընտրություններում: «Հանրապետական կուսակցության քաղաքապետերը բոլորը լավագույնն են»:
Նախարարը լրագրողների հարցերին պատասխանում էր տաքսու վարորդների նախաձեռնությամբ կազմակերպված բողոքի ակցիայի շրջանակներում: Երբ Գ. Բեգլարյանը տեղեկացավ, որ ԲՀԿ որոշ պատգամավորներ ևս մասնակցել են տաքսու վարորդների բողոքի ակցիային, ասաց. «Ապրեն, ապրեն իրենք: Բա ինչո՞ւ չմոտեցան, չբարևեցին»: Լրագրողների խոսքին ի պատասխան, թե ԲՀԿ-ական պատգամավորներն ասել են, որ չեն ցանկացել նախարարին խանգարել, Գ. Բեգլարյանն ասաց. «Տեսնո՞ւմ եք՝ ինչ էթիկայի շրջանակներում են գործում»: