«Խնդրում եմ` էդ խուլիգանությունն ինձ հետ մի կապեք». Սուրեն Խաչատրյան
Մարտի 26-ին, ժամը 06:45-ին, հիվանդանոցից Ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 43-ամյա Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05:30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության Լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 43-ամյա Զարզանդ Ն.-ն և 37-ամյա Դավիթ Բ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Զարզանդ Ն.-ին և Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Զարզանդ Նիկողոսյանը հանրությանը հայտնի է՝ որպես Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ: Վերջինս, սակայն, news.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր, թե ինքը Ս. Խաչատրյանի թիկնապահն է՝ նշելով, որ թեև ինքը տարիներ շարունակ աշխատել է Սյունիքի մարզպետի մոտ, բայց այժմ չի աշխատում, և, որ մարզպետը թիկնապահ չունի:
Հարցին, թե այժմ կապ չունե՞ք Սյունիքի մարզպետի հետ, նա պատասխանել է. «Ես իր հետ կապ ունեմ, ո՞նց կապ չունեմ, Գորիսի բնակիչ եմ, մեր Սյունիքի մարզպետն է, ես իր մոտ աշխատել եմ մինչև 2011թ., բայց հիմա աշխատանքային բերումով՝ իր հետ որևէ առնչություն չունեմ: Ով ասել է, թե Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, գլուխը պատին ա տվել, Սյյունիքի մարզպետը էնքան ուժեղ ա, որ թիկնապահի կարիք չունի»:
Քիչ առաջ 168.am-ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ՝ ճշտելու նրա առնչությունը երեկ Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի հետ: Մարզպետը նախ նշեց, որ ինքը նոր է վերադարձել Գերմանիայից, որտեղ կատարել են քթի վիրահատություն, և առողջական խնդիրների պատճառով առայժմ չի կարող պատասխանել հարցերի: Բայցև ավելացրեց. «Ես թիկնապահ չունեմ, և բոլորը համոզված են դրանում: Խնդրում եմ` էդ խուլիգանությունն ինձ հետ մի կապեք»: