«Սերժ Սարգսյանի թիմը իրենից ազնիվ է»
«Սերժ Սարգսյանի և իր թիմի համար առավել կարևոր է երկխոսության կամ բանակցությունների տեղը, ժամը, սոված կամ կուշտ լինելը, և նման ձևական բաները, որոնք բացարձակապես կապ չունեն երկխոսության բովանդակության հետ: Երկխոսության ձևական կողմերի նման կարևորումը ենթադրել է տալիս, որ իրականում առանձնապես ձգտում չկա անցկացնել բովանդակային երկխոսություն»,- Galatv.am-ի հետ զրույցում նշել է Ստյոպա Սաֆարյանը:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղարը անդրադարձել է նաև իշխանությունների կողմից հնչող հայտարարություններում առկա որոշակի հակասությանը, երբ որոշ գործիչներ պնդում են, որ ամեն ինչ նորմալ է, բանակցելու բան չկա, մյուսները դրական են գնահատում երկխոսության տարրերը` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, նշելով, որ թերևս Սերժ Սարգսյանի թիմակիցները ավելի ազնիվ են և նշում են, որ պատրաստ չեն երկխոսության.
«Չեմ կարծում, որ պատահականությունների շարքից է, ինձ թվում է, Սերժ Սարգսյանի շրջապատը միգուցե ավելի ազնիվ է` հստակ ասելով , որ իրենք որևէ երկխոսելու բան չունեն, քան Սերժ Սարգսյանի նամակի բովանդակությունն է, այլապես ինքը իր գործընկերներին ետ կպահի նման հայտարարություններ անելուց, եթե ետ չեն պահում, ապա դա նշանակում է, որ գործընկերները արտահայտում են այն տեսակետը, որը խուսափում է գրել Սերժ Սարգսյանը իր նամակներում, միգուցե՞ Սերժ Սարգսյանը ուզում է ներքին ու արտաքին դատավորների աչքին երևա որպես բանակցությունների և երկխոսության կողմնակից, սակայն ես ունեմ այն ընկալումը, որ նրանց համար կարևոր են ածանցյալ խնդիրները»,- եզրափակել է Ստյոպա Սաֆարյանը: