Որտեղ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին. մամուլ
«ՀՅԴ-ն գնալո՞ւ է Սերժ Սարգսյանի Երդմնակալության արարողությանը հարցին՝ «Կապրենք՝ կտեսնենք»,– երեկ այսպես պատասխանեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Իսկ հնարավո՞ր է ՀՅԴ-ն մասնակցի Ազատության հրապարակում կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը։ Այս հարցին Աղվան Վարդանյանը տվեց հետևյալ պատասխանը. «Դուք ինձ կարո՞ղ եք ասել, թե ապրիլի իննին որտեղ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ես չգիտեմ, թե ապրիլի իննին ինչ կլինի։ Ընտրությունները ավարտվել են, Դաշնակցությունն արել է հայտարարություններ։ Մենք այն տեսակը չենք, որ միկրոֆոն տեսնենք, վազենք, գնանք դա օգտագործենք։ Աբսուրդ կլինի, եթե մենք գնանք Ազատության հրապարակում ասենք մի բան, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ այլ բան»։
Նա նաև հիշեց մի միջադեպ՝ ՀՅԴ–«Ժաոանգություն» հարաբերություններում. երբ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր իր ծրագիրը ներկայացնել, «Ժառանգությունից» ՀՅԴ-ին հարցրել էին՝ հնարավո՞ր է այդ օրը ցանկանան հարթակից ելույթ ունենալ։ ՀՅԴ-ում տարակուսել էին՝ թե առանց Րաֆֆիի ասելիքը իմանալո՞ւ… Աղվան Վարդանյանը նկատեց, որ դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի ասելիքն ու քայլերը իրենց համար հստակ և տեսանելի չեն. «Մենք այսօր էլ շարժման հետ ենք, ժողովրդի հետ ենք, և եթե ասելիք ունենանք՝ կասենք»»։