Նոր միջադեպ՝ Ազատության հրապարակում. «Թողեք արգելքը, սա Սովետ չէ, ոչ էլ օսմանյան կայսրություն» (տեսանյութ)

Երեկ լարախաղաց Վլադիմիր Հակոբյանին ոստիկանները թույլ չեն տվել Ազատության հրապարակում իր ծրագիրը ներկայացնել: Այս մասին հաղորդում է aravot.am կայքը: Փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը պնդել է, որ կանաչ տարածքի վրա չի թույլատրվում:

Ոստիկանները նախ շրջափակել են տարածքը, որտեղ լարախաղացը պատրաստվել է իր ծրագիրը սկսել, այնուհետև նրան ուղեկցել քաղաքապետարան, որ վերջինս գրավոր դիմումով թույլտվություն ստանա:

Փոխգնդապետ Պետրոսյանի հետ բանակցության մեջ է մտել Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այս պահից բացի, փոխգնդապետ, երբ այստեղ չենք, 101 մարդ իրենց իրավունքով գալիս են, նստում են, վազվզում են, իսկ ոստիկանը որևէ բան չի ասում»,- ասել է պարոն Հովհաննիսյանը:

Ի պատասխան փոխգնդապետը շարունակել է. «Իրավունք չունի ասելու, եթե կանաչ տարածք է, երեխա է թող գա, խաղա, ով է արգելում, բայց մեր հայկական լեզվով ասած փահլևան չի թույլատրվում: Պետք է ունենա համապատասխան թույլտվություն… վարչական օրենսգրքի 165 հոդվածը բացեք, լյուբոյ գործունեություն իրականացնելու համար թույլտվություն է պետք»:

Պարոն Հովհաննիսյանն էլ հորդորել է ոտնձգություն չանել իր անկեղծության վրա. «Նվազագույնը 5-6 ոստիկան կանգնած էր հանրային տարածքի և ժողովրդի միջև: Դրա հրամանը ո՞վ էր տվել»:

Պարոն Պետրոսյանն էլ պատասխանել՝ ոչ ոքի կողմից նման հրաման չի եղել, գուցե ոստիկանները շարվել են, որ մարդկանց նայեն: Մինչ Ազատության հրապարակում սպասում էին լարախաղացի վերադարձին, պարոն Հովհաննիսյանը հայտարարեց. «Ոստիկանների արածն անիրավ է: Անիրավ հրաման է, և որևէ մի հոդվածով արգելված չէ հանրային տարածքի վրա անվճար 15 րոպե իր հայրենակիցներին երջանկացնելը: Թողեք արգելքը, սա Սովետ չէ, օսմանյան կայսրություն չէ: Ոստիկաննե՛ր, դուք Հայաստանի ոստիկաններն եք: Սա ցույց է տալիս, որ պայքարն առջևում է, ոչ մի նահանջ»:

Ավելի ուշ լարախաղացին քաղաքապետարան տարած ոստիկանները վերադարձրել են Ազատության հրապարակ: Լարախաղաց Վ. Հակոբյանը Aravot.am-ին պատմել է, որ տարել էին թույլտվության համար գրավոր դիմում վերցնելու: Լարախաղացի խոսքերով, ինքը երկուշաբթի օրվանից իրավունք կունենա իր ծրագրերը ներկայացնել:

Տեսանյութեր

Լրահոս