
Մահացել է Բորիս Բերեզովսկին

Մահացել է աշխարհահռչակ ռուս գործարար, քաղաքական գործիչ Բորիս Բերեզովսկին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փեսան՝ Եգոր Շուպեն: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:
Newsru.com կայքի տվյալներով, Բերեզովսկու դին հայտնաբերել են Լոնդոնում՝ նրա տներից մեկում: Լրագրող Դեմյան Կուդրյավցևը նշել է, որ մահացած Բերեզովսկուն հայտնաբերել են Լոնդոնի ժամանակով առավոտյան 11-ին:
Բորիս Բերեզովսկին ծնվել է 1946 թվականին: 2000 թվականին նա քաղաքական ապաստան էր խնդրել Մեծ Բրիտանիայից և բնակվում էր Լոնդոնում: Բերեզովսկին պարբերաբար քննադատում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը:
Ռուսաստանում նա մեղադրվում էր խաբեության, փողերի լվացման և ուժի կիրառմամբ իշխանափոխության փորձ կատարելու մեջ և հեռակա կարգով դատապարտված էր: