
Եթե Իսրայելը ներողություն չխնդրեր, ապա այդ հարցը կտևեր մեկ դար. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է «Մավի Մարմարայի» միջադեպի կապակցությամբ Թուրքիայից Իսրայելի ներողություն խնդրելը.
«Երեք տարվա ընթացքում բանակցություններ են տարվել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով առաջ քաշված պահանջների շուրջ: «Ազատության նավատորմի» միջադեպից հետո ներկայացված բոլոր պահանջներն իրագործվել են ամենահուսալի եղանակով: Վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այդ հարցը բարձրացրել է մի քանի անգամ:
Թուրքիան երբեք աչքի չի ընկել հակասեմական հայացքներով: Վարչապետ Ռեջեփ Էրդողանը Եգիպտոսի ու Կատարի առաջնորդների հետ բանակցելուց հետո 20-30 րոպեանոց զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Եթե Իսրայելը ներողություն չխնդրեր, ապա այդ հարցը կտևեր մեկ դար, և հազիվ թե, փակված լիներ: Թուրքիայի պահանջները կատարվել են»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական կողմը հայտարարում էր, որ «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ Թուրքիայից ներողություն խնդրելը կնշանակի հանձնվել ահաբեկչությանը։
Ի դեպ, 2011 թվականի օգոստոսին Իսրայելի փոխվարչապետ Մոշե Այալոնը հայտարարեց, որ եթե իրենք «Մավի Մարմարա»-ի համար ներողություն խնդրեն Թուրքիայից, ապա դրանից հետո Էրդողանը կդառնա Կենտրոնական Արևելքի առաջնորդը և անգամ դրանից հետո ձեռք չի քաշի իրենցից։