
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է նախագահի լիազորությունների մասին ուղղումները

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական ուղղումները, որոնք սահմանափակում են նախագահի իրավունքը միանձնյա նշանակել նախարարների կաբինետ խորհրդարանը ցրելու դեպքում:
Սահմանադրական ուղղումների օգտին քվեարկել է 123 պատգամավոր: Ընդհանուր առմամբ, Վրաստանի խորհրդարանն ունի 150 պատգամավորական մանդատ, որոնցից 3-ն այսօրվա դրությամբ թափուր են: Պլանավորված է, որ խորհրդարանը սահմանադրական ուղղումների հարցը երրորդ և վերջին ընթերցմամբ կհաստատի հաջորդ շաբաթ:
Սահմանադրական ուղղումները նախատեսում են նախագահին հատկացնել յուրաքանչյուր ժամկետում, այդ թվում նաև խորհրդարանական ընտրություններին հաջորդող վեց ամսվա ընթացքում և նախագահական ընտրություններին նախորդող վեց ամսվա ընթացքում երկրի խորհրդարանը ցրելու իրավունք, ինչն արգելված է գործող Սահմանադրությամբ:
Դրա հետ մեկտեղ նախագահը զրկվելու է երկրի կառավարությունը ցրելու իրավունքից՝ առանց խորհրդարանի հետ համաձայնեցման: Մասնավորապես, նախագահը չի կարող խորհրդարանը ցրելուց հետո նշանակել վարչապետ:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում սահմանադրական ուղղումների վերաբերյալ առաջին քվեարկությունն իրականացվել է երեկ: