Չոր արձանագրում. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Հիշո՞ւմ եք՝ «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմում Պաստոր Շլագը Շվեյցարիայում զրուցում է գերմանացի վտարանդի դիվանագետ Կրաուզեի հետ և իր զարմանքն է հայտնում, թե ինչպես են ամերիկացիները Ալեն Դալեսի միջոցով փորձում բանակցել Նեռի (այսինքն՝ Հիտլերի) հետ: Եվ դիվանագետը պատասխանում է մոտավորապես հետևյալը. «Քրիստոս, Նեռ՝ այդ հասկացությունները քաղաքականության հետ կապ չունեն: Քաղաքականությունը ուժերի հարաբերակցության ճշգրիտ արտահայտությունն է»:
Իհարկե, կարելի է դա ցինիզմ անվանել, կարելի է նաև ասել՝ «ուրեմն քաղաքականություն պարտադիր պետք է անբարոյակա՞ն լինի»: Ոչ, նման հեռու գնացող հետևություններ պետք չէ անել՝ քաղաքականությունը կարող է լինել բարոյական և անբարոյական, ինչպես խնձորը կարող է լինել կարմիր կամ դեղին: Բայց խնձորը՝ որպես միրգ, ու կարմիրը (դեղինը)՝ որպես գույն, տարբեր ոլորտների երևույթներ են:
Հիմա, երբ շուրջբոլորն ասում են, որ Ազատության հրապարակում պետք է ձևավորվի քաղաքական օրակարգ, հրաշալի, ազնիվ, պարկեշտ մարդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նույնքան համակրելի Զարուհին, Ստեփանը, Արմենը կարող են վիրավորվել և նույնիսկ զարմանալ՝ բա նախագահի ինքնաբացարկը պահանջելը քաղաքականություն չէ՞: Նայած ինչ պայմաններում և ինչ գործիքներով:
Եթե ես, օրինակ, պահանջեմ, որ նախագահ հռչակվի Հրանտ Բագրատյանը և հանուն դրա սպառնամ ինձ գցել Կիևյան կամրջից, դա կնշանակի՞, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ: Ես հիմքեր կունենամ դա պահանջելու միայն այն դեպքում, եթե ինձնից ուժ ներկայացնեմ:
Իշխանության ուժը պետական մեքենան է՝ իր ուժային կառույցներով՝ ոստիկանությամբ, հատուկ ծառայություններով, բանակով և այլն: Ընդդիմության ուժը իր գաղափարներին անկեղծորեն հավատացող ակտիվ զանգվածն է: 1988-ին ՀԽՍՀ ԳԽ 250 պատգամավորներից միայն երկուսն էին ներկայացնում Շարժումը՝ Աշոտ Մանուչարյանը և Խաչիկ Ստամբոլցյանը: Բայց նրանք կարողանում էին ԳԽ-ին պարտադրել իրենց որոշումները, որովհետև իրենց թիկունքում տասնյակ հազարավոր մարդիկ էին:
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը, արել է հետևյալ համեմատությունը. դու գնում ես բանակցելու և ասում ես, որ քո ապրանքն արժե 10. 000, 5. 000 կամ 3. 000 դրամ, ինչն ինքնին մեթոդաբանական սխալ է, որովհետև միանգամից նշվում է «վերջին գինը»՝ ԱԺ նոր ընտրությունները:
Շարունակելով այս համեմատությունը՝ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձը, որը հնչել է լրագրողների հետ նրա հանդիպման ժամանակ, հետևյալն է. քո ապրանքն արժե 1.000 դրամ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, վերցրու, քանի տալիս եմ:
Նախագահի ասածները կարող են դուր չգալ, կարող են զայրացնել, բայց դա քաղաքական տեքստ է, որը հիմնված է ուժերի ներկայիս հարաբերակցության արձանագրման վրա: Իսկ այդ արձանագրումը նույնպես հնչել է նույն հանդիպման ժամանակ՝ 2008 թ. նմանատիպ իրավիճակում «թեկնածուն» (Սերժ Սագսյանի օգտագործած բառն է) հավաքում էր 30. 000 հոգի, իսկ հիմա՝ միջինը 3. 000 հոգի: Սա փաստերի չոր արձանագրումն է, որի հետ չի կարելի հաշվի չնստել»: