Ուկրաինան բանակցում է Մաքսային միության դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու շուրջ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Կիևը բանակցում է Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ՝ այդ կառույցում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու շուրջ.
«Ներկայումս մենք բանակցում ենք տվյալ ձևաչափով, որի դեպքում Ուկրաինան կդառնա դիտորդ երկիր Մաքսային միությունում»: Ավելի վաղ Կիևն առաջարկել էր Ուկրաինայի ու Մաքսային միության միջև «3+1» ձևաչափով համագործակցություն, սակայն ռուսական կողմը բացառել է համագործակցության նման ձևը:
Ռուսաստանը վաղուց է Ուկրաինային առաջարկում մտնել Մաքսային միության մեջ, ինչի դիմաց մասնավորապես կնվազեցվի Ուկրաինային վաճառվող ռուսական գազի գինը: Կիևն իր հերթին հայտարարել է, որ պլանավորել է աստիճանաբար միանալ Մաքսային միության մի շարք կանոններին, սակայն այսօր երկրի օրակարգում չի գտնվում այդ կառույցին անդամակցելու հարցը: