Հովիկ Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Դուք միահեծան ղեկավա՞ր եք էս երկրում, բոլորին հրավիրում եք նա կավյոր»
Քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում՝ դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ասաց, որ վերջինս կեղծել է ընտրությունները, ապա ընդգծեց, որ նույնկերպ կկեղծի նաև մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները:
Հիշեցնենք, որ Տ. Մուկուչյանը ԱԺ-ում ներկայացնում է 2012թ.մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին հաղորդագրությունը:
«Հիմա ընտրություն է տեղի ունենալու, և ես կարող եմ ասել, որ Ձեր ղեկավարած համակարգը կեղծելու է այդ ընտրությունները, որովհետև մեկ ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունները կեղծել է, և կեղծել է նաև 2006թ. խորհրդարանական ընտրությունները: Ընդ որում՝ դեկլարատիվ հայտարարություններ չեմ անում, կեղծել եք անձամբ Դուք, անձամբ իմ ներկայությամբ: Կեղծել եք նաև այս հաշվետվությունը»,- ասաց Ն. Փաշինյանը՝ հարցնելով, թե արդյո՞ք որևէ քրեական գործ հարուցվել է, որևէ մեկը պատժվե՞լ է:
«Երևի թե նկատի ունենալով իմ դաստիարակությունը, որ չեմ կարող իջնել էդ մակարդակին և նույն ոճում խոսել… ինքս գիտակցում եմ, որ գտնվում եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում և փորձեմ առավելագույնը պարկեշտ պատասխանել հարցերին»,- հնչած մեղադրանքներին այսպես պատասխանեց Տ . Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ ընտրողների ցուցակի հետ կապված որևէ հիմնավորում, դիմում առկա չէ՝ ուղղված լիազոր մարմնին: «Եթե կան այդ փաստերը, և եթե, իրոք, մտահոգ եք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու հետ կապված, ինչո՞ւ այդ փաստերը չեք տրամադրում»,- ասաց Տ Մուկուչյանը:
Անդրադառնալով մայիսին կայանալիք ընտրություններին՝ նա ասաց. «Անըկնկալելի է, երբ դեռևս գործընթացը չսկսած, երբ որ անգամ քաղաքական ուժը չգիտի, թե ինքն ունենալո՞ւ է թեկնածու, թե՞ չի ունենալու թեկնածու, երբ որ ինքը չգիտի՝ հանձնաժողովներում նշանակումներ անելո՞ւ է, թե՞ ոչ, երբ որ ինքը չնայած չմասնակցելով ընտրություններին, հանձնաժողովներում նշանակում է անդամներ, ես, համենայնդեպս, պարտավոր եմ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ դրսևորել մեկ վերաբերմունք՝ ադ քաղաքացու նկատմամբ տածել հարգանք»:
Ի պատասխան Տ. Մուկուչյանի՝ պատգամավորն ասաց. «Եթե Ձեզ թվում է, թե շուտասելուկ բառակույտերով տպավորություն եք թողնում, ապա Դուք չարաչար սխալվում է: Դաստիարակության մասին եք խոսում, Ձեր դաստիարակությունը թույլ տալիս է Ձեզ, որպեսզի Ազգային ժողովի այս ամբիոնից մի ամբող ժողովրդի և հասարակության ստեք, սուտ փաստեր ներկայացնեք»:
Այնուհետ Ն. Փաշինյանը բանավեճի հրավիրեց Տ. Մուկուչյանին՝ ասելով, որ ցանկացած վայրում ինքը պատրաստ է բանավիճել նրա հետ: Սրան ի պատասխան ԿԸՀ նախագահը նշեց, թե ինքը ծանոթ է Ն. Փաշինյանի դիրքորոշումներին, նրա կողմից ներկայացված փաստերին, որոնք, ըստ նրա՝ ներկայացվել են նենգափոխված: Ն. Փաշինյանն արձագանքեց նաև Տ. Մուկուչյանի այս հայտարարությանը, սակայն նրա խոսափողն անջատված էր: Այս իրարանցմանը միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով դիմելով Ն. Փաշինյանին՝ ասաց. «Դուք միահեծան ղեկավա՞ր եք էս երկրում, բոլորին հրավիրում եք «նա կավյոր»»: