Ստեփան Դեմիրճյան. Պարտադիր չէ այլընտրանքային կառավարության ստեղծումը

Հարցազրույց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ

Պարոն Դեմիրճյան, օրեր առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցած բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստին քննարկվում էին այլընտրանքային կառավարության կազմի անունները: Ձեր անունը ևս հնչեց: Երեկ այդ առնչությամբ ասացիք, որ այլընտրանքային կառավարության գաղափարի կողմնակից չեք: Ինչո՞ւ:

– Շնորհակալ եմ, որ վստահում են, բայց ես այդ գաղափարի կողմնակիցը չեմ: Սակայն դա չի նշանակում, թե ես պայքարի կողմնակից չեմ: Սա էլ որերորդ անգամն է` ընտրությունները կեղծվում են, և ժողովուրդն իր բողոքի ձայնն է բարձրացնում: ՀԺԿ-ն ստեղծման օրվանից պայքարել և պայքարում է կեղծիքների և անօրինականությունների դեմ:

– Իսկ ինչի՞ն եք կողմնակից:

Կարդացեք նաև

– Մենք ուզում ենք հասնել նրան, որ մեր երկրում անցկացվեն արդար, ժողովրդավարական ընտրություններ: Իսկ դրան կարելի է հասնել հասարակական հետևողական ճնշման միջոցով, բայց դրա համար պարտադիր չէ այլընտրանքային կառավարություն ստեղծելը: Եվ եթե ընտրությունները կեղծվում են, ապա պետք է անցկացվեն նոր ընտրություններ, այլ տարբերակներ չկան և չեն կարող լինել: Ի դեպ, արդեն ավանդույթ է դարձել` ընտրությունները կեղծում են, հետո սկսում են խոսել երկխոսության, հանդուրժողականության անհրաժեշտության մասին, ողջամիտ փոխզիջումների մասին: Լուծումը մեկն` արդար ընտրությունների անցկացում:

– Պարոն Դեմիրճյան, առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են: Ըստ Ձեզ` այս ընտրությունները կանցկացվե՞ն արդար և թափանցիկ: Ինչո՞ւ ՀԺԿ-ն չի մասնակցում այդ ընտրություններին:

– Մի անգամ չէ, որ ասել եմ` այս իշխանությունն ու արդար ընտրություններն ընդհանրապես անհամատեղելի հասկացություններ են, սակայն մենք գտնում էինք, որ միասնական մասնակցությունը (խոսքը հիմնական ընդդիմադիր ուժերի միասնական ցուցակով մասնակցության մասին է) կարող էր հաղթանակ ապահովել, քանի որ դա տեղի չունեցավ, ՀԺԿ-ն չի մասնակցի այդ ընտրություններին:

– Իսկ ինչո՞ւ միասնական ցուցակ չկազմվեց:

– Համենայն դեպս, դա ոչ ՀԺԿ-ի մեղքով էր:

– Իսկ ընտրությունների արդյունքները կանխատեսելի՞ են Ձեզ համար:

– Կանխատեսումներ անել չեմ ուզում, սակայն, ըստ մեզ, ավելի նպատակահարմար էր, (չեմ քննադատում նրանց, ովքեր մասնակցում են) միասնական ցուցակով մասնակցությունը:

– Խոսակցություններ կային, ՀԱԿ-ը փորձում էր ներքին համաձայնության գալ ՀԺԿ-ի հետ` Ձեր ղեկավարած կուսակցության ցուցակով հանդես գալու համար: Որքանո՞վ էին ճիշտ այս խոսակցությունները:

– Կարծում եմ` արդեն կարևոր չէ խոսել այդ ամենի մասին:

– Բայց կայի՞ն քննարկումներ:

– Ես ասում եմ` արդեն կարևոր էլ չէ խոսել այդ մասին, որովհետև, ինչպես ասացի, ՀԺԿ-ն չի մասնակցելու այդ ընտրություններին:

– 2008թ.-ին Դուք Ազատության հրապարակի հարթակում էիք, ժողովրդի հետ: Ինչո՞ւ, օրինակ, այս օրերին հրապարակ չեք գնում: Չե՞ք կարծում, որ հասարակությունը Ձեր կարիքը ևս ունի:

– Ինչպես ասացի, և դա փաստ է, որ ՀԺԿ-ն, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, ստեղծման օրվանից պայքարել է ընտրակեղծիքների և անօրինականությունների դեմ: Ամենաշատը հենց ՀԺԿ-ն է տուժել այդ կեղծիքներից: Մեր կուսակցականները գնում են, մասնակցում են հանրահավաքներին, այնպես որ, մենք պայքարել ենք և շարունակում ենք պայքարել: Իսկ թե ինչո՞ւ ես հարթակում չեմ, այդ հարցին արդեն պատասխանել եմ` ես այդ այլընտրանքային կառավարության գաղափարի կողմնակիցը չեմ:

Տեսանյութեր

Լրահոս