Իրարանցում՝ ԱԺ-ում Տիգրան Մուկուչյանի ուշացած զեկույցի շուրջ

Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին հրավիրեց նիստերի դահլիճի կենտրոնական ամբինոի մոտ՝ ներկայացնելու «2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկների մասին» հաղորդագրությունը: Սա, սակայն, որոշ տարակարծությունների տեղի տվեց:

Ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը պահանջում էին ԱԺ նախագահից քննարկման դնել հաղորդագրությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց. «Չեմ կարծում, որ որևէ կուսակցություն, որևէ խմբակցություն չի ուզում քննարկել, եթե կա հարցերի հնարավորություն, խոսելու հնարավորություն, առավելևս՝ եթե քվեարկություն չի նախատեսվում, առավել ևս եթե որոշում չի հետևում, ի՞նչն է խանգարում` դիմում եմ հատկապես Հանրապետականին, քննարկենք: Վերջին հաշվով` իսկապես, եթե որևէ անհանգստանալու բան չկա, և խմբակցություններն ուզում են էդ թմայով 8 ամիս ուշացումից հետո քննարկում, եկեք զիջման գնանք և քննարկումն անենք»:

Ի պատասխան, Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, թե օգոստոսին ինչպե՞ս կարող էին դա քննարկել, եթե ԱԺ-ն գտնվում էր ամառային արձակուրդում:

Դրան հակադարձեց Ա. Մանուկյանը` ասելով, թե այդ դեպքում պետք է քննարկեին սեպտեմբերին:

Կարդացեք նաև

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նկատեց. «Պարոն Աբրահամյան ջա’ն, ընդունելով հանդերձ մեր գործընկերների մտահոգությունները, այնուամենայնիվ, երկրորդում եմ ընդդիմադիր խմբակցության գործընկերների առաջարկը, և իսկապես որևէ խնդիր չկա, եթե այս հարցի քննարկումը հետաձգվի մինչև վաղն առավոտ, մի՞գուցե անհրաժեշտություն կա հատուկ ընթացակարգ առաջարկել, որով կնախատեսվեն առանձնահատկություններ»:

Ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ դահլիճում ներկա գտնվողներին «խորհուրդ» տվեց բառարանում գտնել հաղորդագրություն բառը, ապա ավելացրեց, որ այն «որևէ բանի գրավոր հայտարարությունն է»:

Այս նկատառմանն էլ հակադարձեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգմավոր Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ ԱԺ կանոնակարգում «հաղորդագրություն» բառն օգտագործված է բոլորովին ուրիշ դեպքերի համար, և մեջբերեց ԱԺ կանոնակարգի 114-րդ հոդվածը, որը սահմանում է հաշվետվությունների, ծրագրերի, հաղորդումների քննարկման կարգը:

«Տվյալ դեպքում, կարծում եմ, Ընտրական օրենսգրքում «հաղորդագրություն» բառը պետք է դիտարկել հաղորդման կոնտեքստում, որը տրամաբանական է, որովհետև կանոնակարգում «հաղորդագրություն» բառը լրատվականի հաղորդագրություններին է վերաբերում»,- ասաց Ն. Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս