Եվրոպայի հարցերը լուծենք, նոր մերը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի և նույն հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այդ նախագծով նախատեսվում է Էթիկայի հանձնաժողովին օժտել պատգամավորների բացակայության վերաբերյալ եզրակացություն տալու լիազորությամբ, որոշելու՝ պատգամավորի բացակայությունը հարգելի՞ է, թե՞ անհարգելի:
Բայց այս հարցն այս քառօրյայում դժվար թե քննարկվի, քանի որ նախագծի երկու համահեղինակներն էլ Հայաստանում չեն: Դավիթ Հովհաննիսյանը մասնակցում է ԵԽ ԽՎ Քաղաքական հարցերի հանձնաժողովի, իսկ Արփինե Հովհաննիսյանը՝ Իրավական հարցերի հանձնաժողովի նիստին: ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ էլ`ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մասնակցում է ԵԽ ԽՎ Մշակութային հարցերի հանձնաժողովի նիստին:
Դժվար և ծանր է հայ պատգամավորների աշխատանքը. նրանք տնից-տեղից, հայրենի եզերքից կտրված, օտարության մեջ՝ ստիպված են պաշտպանել մեր երկրի ու նրա քաղաքացիների շահերը: Միակ սփոփանքը, թերևս, այն է, որ այդ ամենն աննկատ չի մնա: