Մանկական հիվանդանոցներում տեղ չկա. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ամենատարբեր ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում վերջին շրջանում տարածված վիրուսի պատճառով տեղ չկա, և շատ անհարմար պայմաններ են ստեղծվել:
Երեկ էլ խմբագրություն էր զանգահարել մի մայրիկ, ով Երևանի երեք մանկական հիվանդանոցներից միայն Արաբկիրում էր մեկ ազատ տեղ գտել և ապշած էր հիվանդանոցի ծանրաբեռնվածությունից:
«Հիվանդանոցը լիքն է հիվանդներով, ոչ մի բաժանմունքում տեղ չկա, ահավոր վիճակ է, հիվանդերը պառկած են անգամ միջանցքնրում: Գիշերը եկողներին հիմնականում միջանցքներում են տեղավորում, բժիշկները քիչ են ու շատ ծանրաբեռնված՝ առավոտից մինչև իրիկուն աշխատում են,- պատմեց ծնողը՝ վրդովված ավելացնելով: – Իսկ պետությունն աչք է փակում այդ ամենի վրա և ոչ մի քայլ չի ձեռնարկում: Գոնե նոր բժիշկներ տրամադրեն կամ հայտարարեն, որ այդ վիճակն է և որոշ քայլեր ձեռնարկեն: Թե ինչու են լռում համաճարակի մասին, չեմ հասկանում»:
Առողջապահության նախարարությունից հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը, բնականաբար, վիրուսային ինֆեկցիայով պայմանավորեցին: Ինչպես նաև, որ իրենք այս ընթացքում հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով պարբերաբար հորդորում են ծնողներին՝ եթե երեխան հիվանդ է, անպայման դիմել բժշկի: «Այդ հորդորներով էլ թերևս պայմանավորված է դիմելիությունը»,- փոխանցեցին նախարարությունից՝ ավելացնելով, որ խուճապի մատնվելու կարիք չկա, անհրաժեշտության դեպքում հրավիրում են նոր բժիշկներ»: