«ՍԴ-ն համալրեց հանցագործների շարքերը» (տեսանյութ)

«Դատարանն այսօր հովանավորեց գողերին, իսկ գողերի մեջ այսօր թիվ մեկ գողը Սերժ Սարգսյանն է: Սահմանադրական դատարանն ուղղակի հովանավորյալի կարգավիճակով հանդես եկավ»,- Սահմանադրական դատարանի այսօրվա նիստից հետո հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօրվա նիստում մերժեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ-ի փետրվարի 25-ի որոշումը:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ մերժելով իրենց միջնորդությունները՝ ՍԴ-ն համալրեց այն հանցագործների շարքերը, ովքեր գողանում էին ՀՀ քաղաքացու քվեները: Նա նկատեց, որ բազմիցս հնչեցվեցին փաստեր, որ թե՛ իրավապահ մարմինները, թե՛ ԿԸՀ-ն, թե՛ տարածքային ընտրական հանձնաժողովներն ուղղակի բացարձակ անգործություն են դրսևորել, իսկ այդ պայմաններում խոսել որևէ իրավական պաշտպանության մասին՝ անհեթեթ է:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի հնչեցրած այն փաստարկներին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք և խորհրդարանական ընդդիմության հանձնաժողովների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել կանխել ընտրակեղծիքները, Զարուհի Փոստանջյանը նկատեց.

Կարդացեք նաև

«Մեր վստահված անձինք պահել են ձայները, և այդ ձայները կազմել են 540 հազար, և այդ ձայների շնորհիվ էլ մենք արձանագրել ենք այդպիսի տվյալներ»:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավաբան Կարեն Մեջլումյանն էլ հավելեց, որ այնտեղ, որտեղ հնարավորություն է եղել վերահսկողություն իրականացնել հանձնաժողովի անդամների և վստահված անձանց միջոցով, մեծամասնությամբ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Որտեղ հնարավոր չի եղել պահել ձայները, այդտեղ մյուս թեկնածուն՝ մեծարգո Սերժ Սարգսյանը, 80-90-100 տոկոս է հավաքել՝ 80-90-100 տոկոս մասնակցության պայմաններում: Ինչ վերաբերում է ՍԴ-ի որոշմանը, մենք խնդրել էինք ըստ էության անդրադառնալ, ոչ թե մեխանիկաբար, սակայն դա չարվեց»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս