Հայ դասականների աուդիո գրքերը շուտով հասանելի կլինեն մեկ վայրում
Նոր տեխնոլոգիաների շնորհիվ հայ դասական գրականությունը շատերին հասանելի կդառնա: Մի քանի տասնյակ հայերեն դասական ստեղծագործություններ արդեն ձայնագրվել են, և մոտ 1 շաբաթից դրանք հասանելի կլինեն askaudiobooks.am հասցեում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ArmAudioBooks նախագծի հեղինակ Մարիամ Դիլբանդյանը՝ նշելով, որ նախագիծն այսուհետ նաև հատուկ անվանում ունի. այն կոչվում է «Ասք»:
Մ. Դիլբանդյանի խոսքով՝ իրենք արդեն ձայնագրել են 5-րդ դարի պատմիչների ստեղծագործությունները, որոնք հասանելի կլինեն կայքում: «Նոր կայքում աուդիոգրքերը լսելուց բացի՝ հնարավոր կլինի ընթերցել նաև տվյալ ստեղծագործությունների PDF տարբերակները, ինչը կարող է խթանել նաև ընթերցանությունը»,- ասաց Մ. Դիլբանդյանը: Նրա խոսքով՝ ստեղծագործությունների PDF տարբերակները կայքում կլինեն անվճար, իսկ դրանց ձայնագրված տարբերակները՝ աուդիոգրքերը, որոշակի արժեք կունենան: Ըստ նախագծի հեղինակի՝ կլինի ոչ շատ թանկ, սակայն դեռևս չեն որոշել դրանց գինը:
«Ամեն ինչ բովանդակության առումով արդեն պատրաստ է, ներկայում պարզապես աշխատանքներ են տարվում որոշ տեխնիկական խնդիրներ լուծելու ուղղությամբ, որպեսզի կայքն առավել անվտանգ և ապահով լինի»,- ասաց Մ. Դիլբանդյանը՝ նշելով, որ իրականում այդ ամենի համար ահռելի ջանքեր են գործադրվում:
Մ. Դիլբանդյանը նշեց նաև, որ իրենք ներկայում աշխատանքներ են կատարում նաև միջնադարյան ստեղծագործությունները ձայնագրելու ուղղությամբ, իսկ հետագայում նպատակ ունեն նաև լեզվաբանության ուղղությամբ գրքեր ձայնագրել, որոնք հատկապես կրթական մեծ նշանակություն կունենան:
Նշենք, որ մասնագիտությամբ հոգեբան Մարիամն աուդիոգրքերի ստեղծման աշխատանքները սկսել է ամռանը։ Նա մի օր վերցրել է իր ամենասիրած գիրքը՝ Շիրվանզադեի «Քաոսը», և գնացել ձայնագրման ստուդիա: «Ամբողջ ամառ, երբ բոլորը հանգստանում էին, ես ձայնագրվում էի, և այդպես՝ մի գրքին հաջորդեց մյուսը, ու այդպես շարունակ»,- այս մասին ավելի վազ մեզ հետ զրույցում ասել էր Մ. Դիլբանդյանը :
Նշենք, աուդիոգրքերի ստեղծման աշխատանքները Վ. Դիլբանդյանը կատարել է կամավոր, իր հաշվին կամ իր ծանոթ-բարեկամների աջակցությամբ: