«Կարծում եմ` դա լեզվի սայթաքում է եղել». Գ.Սահակյանը՝ Ր.Հովհաննիսյանի արտահայտության մասին

«Ինձ համար ընդունելի չէ հացադուլը: Ինչ վերաբերում է իր դիակի վրայով երդմնակալության վերաբերյալ հայտարարությանը, ապա կարծում եմ` դա լեզվի սայթաքում է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Նշենք, որ խոսքը վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երեկ հնչեցրած հետևյալ արտահայտությանը. «Եթե պարոն Սարգսյանն ապրիլի 9-ին կեղծ երդում տա սուրբ  Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը` օրհնելով ժողովրդին հակասող, հալածող, ծաղրող թեկնածուին, դա իրենք կանեն իմ դիակի վրայով»։

Գ.Սահակյանը, թեման շարունակելով, նշել է, որ այդ նույն հարթակում շատ սայթաքումներ են լինում, «որոնք ալիևյան մեթոդներ են, օրինակ՝ Ղարաբաղը ադրբեջանական գավառ անվանելը, նման հայտարարություններով չեն առաջնորդում ժողովրդին: Չի կարելի հայ ժողովրդի մեջ թուրքեր որոնել, չի կարելի ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը տանել դեպի այլ տեղ»:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև ավելացրել է, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը երբեք չեն գնա  յուրայինների դիակների վրայով, մանավանդ որ Ս. Սարգսյանը պատերազմի ընթացքում շատ դիակներ է տեսել։ «Մենք զոհերի կողմնակից չենք, մենք մեր մարտիկներին անգամ պատերազմի ժամանակ էինք ասում՝ իրավունք չունես մեռնել, քանի որ դա նշանակում է հիասթափություն, թուլություն, հետևաբար չեմ ընդունում Ր.Հովհաննիսյանի ասածը»,- ասել է Գ.Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս