Րաֆֆի Հովհաննիսյանի և Սևանի քաղաքապետի լեզվակռիվը

Ինչպես արդեն նշել ենք, այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական հետընտրական հանդիպումն ունեցավ Սևան քաղաքի բնակիչների հետ: Հանդիպմանը հետևում էր նաև Սևանի քաղաքապետը, ինչի համար Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալ եղավ նրան. «Շնորհակալ եմ, որ քաղաքապետը ունեցավ տղամարդկություն ներկայանալ,  նա չփախավ: Շնորհակալություն, անկեղծ»:

Ապա դիմելով ներկաներին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Մի թույլ տվեք, որ Հայաստանը ունենա հերթական ոչ լեգիտիմ, ոչ իրավական, ոչ ընտրված նախագահ»:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը դուր չէր գալիս Սևանի քաղաքապետին և նա  անընդհատ ընդմիջում էր և հայտարարում, որ ժողովուրդը շատ ճիշտ է կողմնորոշվել և ընտրել է Սերժ Սարգսյանին նախագահ: Նա մի քանի անգամ նաև նշեց, որ Սևանում հաղթել է Սերժ Սարգսյանը:  «Համակերպվեք այդ մտքի հետ»,- Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տվեց Սևանի քաղաքապետը և ի պատասխան լսեց Ժառանգության առաջնորդի  հորդորը. «Դուք էլ կարող եք այդ հեքիաթի մեջ ապրել»:

«Հեքիաթ չի, դա իրականության ա»,- արձագանքեց  Ռուդիկ Ղուկասյանը:

«Եթե դուք ասում եք, որ Սարգսյանը ընտրվեց, եթե դուք էլ այդպես եք ընտրվել, ուրեմն կեղծ ընտրություն է»,-հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սևանի քաղաքապետն իր հերթին նշեց, որ և՛ ինքը, և՛ Սերժ Սարգսյանը «ճիշտ» են ընտրվել:

«Բոլորս գիտենք, թե զորամասերից մինչև քաղաքներ ու գյուղեր ինչ ռեսուրս օգտագործեցին ամսի 18-ին: Հասունացած մարդիկ ենք, հեքիաթներով չխոսենք, բոլորս լավ ենք հասկանում:Ես ասում եմ՝ ես մինչև վերջ կպաշտպանեմ նոր Հայաստանի ընտրությունը»,-այսպես իր ելույթը Սևանում եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սակայն Սևանի քաղաքապետը չդադարեց խորհուրդներ հնչեցնել և նշեց. «Էս ժողովուրդը միասնական ժողովուրդ է, տրոհելը շատ հեշտ ա, միավորելը՝ դժվար: Դուք խելացի մարդ եք, մենք ձեզ հարգում ենք, նստեք հանրապետության նախագահի հետ զրուցեք,  կանգնեք ընտրված նախագահի կողքին»:

«Ազգային համաձայնությունը միասնական ազգը հնարավոր է միմիայն իրավական, սահմանադրական ընտրությունների միջոցով: Ես և հայ ժողովրդի մեծ մասը ունենք այն տեսակետը և ապացույցները՝ ցույց տալու համար, որ հերթական անգամ խեղվեցին ընտրությունները, գողացվեցին: և չի կարելի հիմա հռետորաբանության համար ասել՝ ընտրված նախագահը:  Ներկա պահին եթե ընտրված նախագահը կա, դա պարոն Սարգսյանը չէ: Բայց ես ունեմ այնքան համեստություն, չասելու համար հաջորդ նախադասությունը: Ժողովրդի մեծ մասի կարծիքը այն է, որ  մեկ ուրիշն է ընտրված նախագահ, բայց ես պատրաստ եմ հիմա լուծում գտնել և եթե պարոն Սարգսյանը ուզում է հանգուցալուծել այս վիճակը, ազգային համաձայնության իրական հնարավորություն տալ, ես պատրաստ եմ ընդունել նոր ընտրությունների կամ երկրորդ փուլի առաջարկը»,-նշեց Ժառանգության առաջնորդը:

Գալա TV

Տեսանյութեր

Լրահոս