ՀՀԿ-ն դատարկ ձևականությունների հետևից չի ընկնում
Երևանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում ՀՀԿ գործող ավագանիներից շատերն ընդգրկված կլինեն կուսակցության ցուցակում: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀԿ շտաբի պետ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա, սակայն, կոնկրետ անուններ չնշեց: Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ՀՀԿ-ի ամբողջական ցուցակը, թե՞ դեռ քննարկվում է, Շարմազանովը պատասխանեց. «Շատ-շատ բան է հայտնի, պարզապես ես հրապարակել եմ առաջին երեք անունը»: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի՝ օրերս հրապարակած նախընտրական ցուցակը գլխավորում է Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրորդ տեղում Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, երրորդում՝ պրոֆեսոր, ճարտարապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
Նշենք, որ ՀՀԿ գործող ավագանիների շարքում են կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանը, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազարյանը, ճարտարապետ Լևոն Իգիթյանը և այլք: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի մյուս խմբակցությունը՝ԲՀԿ-ն, ավելի «համեստ է». հայտնի մտավորականներ այստեղ չկան:
Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե ինչու է ՀՀԿ-ն անպայման ձգտում ցուցակում ունենալ հայտնի մտավորականների և գործիչների անուններ: «Իրենք պատվավոր երևանցիներ են, իրենք ցավում են Երևանի համար և կարող են օգտակար լինել քաղաքամայր Երևանին, ինչպես օգտակար են եղել Լևոն Իգիթյանը, Մարտին Վարդազարյանը, երջանկահիշատակ Վլադիմիր Մսրյանը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը: Դիտարկմանը, թե նրանց ընդգրկելով, ՀՀԿ-ն գուցե ցանկանում է ավելի՞ ազդեցիկ տեսքով ներկայանալ, նախընտրական շտաբի պետը չհամաձայնեց. «Այդպիսի խնդիր չկա, նրանք բոլորը մեր համախոհներն են, ավելի արդյունավետ աշխատելու խնդիր կա: Մենք երբեք դատարկ ձևականությունների հետևից չենք ընկում։ Ուրեմն դրա անհրաժեշտությունը կա: Կարծեմ թե՝ այս չորս տարիներն ապացուցել են, որ Երևանի ավագանու ՀՀԿ-ի նման դիրքորոշումը, որտեղ կան թե՛ կուսակցականներ, թե՛ մշակույթի հարգարժան գործիչներ, դրա համատեղ աշխատանքը տալիս է բեղմնավոր արդյունքներ: Նրանք մեր համախոհներ են, և մենք շատ հպարտ ենք, որ միասին ճանապարհ ենք անցնում»: Մեր այն հարցին էլ, թե ինչու են մտավորականները հիմնականում համաձայնում ընդգրկվել հատկապես իշխող կուսակցության ցուցակում, Էդուարդ Շարմազանովն այսպիսի պատասխան տվեց. «Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ մենք ենք իրենց համոզում, դուք ինչո՞ւ չեք կարծում, որ իրենց նախաձեռնությամբ էլ է այդպես լինում, իրենք ցանկանում են ավելի ակտիվ և արդյունավետ աշխատել քաղաքամայր Երևանի համար»: Նա նշեց, որ շատ մտավորականներ էլ մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին. խնդիրն այստեղ այն է, թե ով ինչ քաղաքական կողմնորոշում ունի:
Ինչ վերաբերում է անհրաժեշտ փաստաթղթերը Կեենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելուն, ապա դա, Էդուարդ Շարմազանովի խոսքերով, կլինի օրենքով սահմանված ժամկետում, բայց թե կոնկրետ առաջիկա որ օրերի մասին է խոսքը, նա չնշեց: Թե քանի՞ հոգանոց կլինի ՀՀԿ-ի ցուցակը, ևս հայտնի չէ, սակայն նախընտրական շտաբի պետը նշեց, որ իրենք դարձյալ կլինեն օրենքի շրջանակում և չեն գերազանցի 195-ի սահմանը: Հիշեցնենք, որ 2009թ.-ի մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրություններին ամենամեծ՝ 176 հոգանոց ցուցակը ներկայացրել էր ՀՀԿ-ն: