
Անդրիաս Ղուկասյանը միջնորդում է Սերժ Սարգսյանին ներգրավել որպես վկա

Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, Սահմանադրական դատարան է դիմել նաեւ նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Վերջինս, հիշեցնենք, Սերժ Թանկյանին ուղղված Սերժ Սարգսյանի նամակում շարադրված այն արտահայտությունը, որ ընտրությունները ինքն է կազմակերպել, համարում է հակասահմանադրական: Թեմայի վերաբերյալ մեր լրագրողը զրուցել է Անդրիաս Ղուկասյանի հետ: «Ինձ համար իրավական հիմք հանդիսացել է Սերժ Սարգսյան- Սերժ Թանկյան բանավեճը, որը սկիզբ է առել փետրվարի 26-ին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքն է կազմակերպել Հայաստանում ընտրությունները, այդ հայտարարությունը հակասում է ընտրական օրենսգրքին, որովհետեւ մեր երկրում ըստ ԸՕ-ի եռաստիճան հանձնաժողովների համակարգն է կազմակերպում եւ անցկացնում ընտրությունները, եւ, իհարկե, Սերժ Սարգսյանի հայտարարությունը այդ առումով հիքմ է տալիս հասկանալ այդ ազդեցությունը, որը Սերժ Սարգսյանը ունեցել է ընտրությունների վրա»,- մեզ հետ զրույցում ասել է նախագահի թեկնածուն:
Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ընտրությունները ոչ միայն շինծու էին, այլ նաեւ այդ շինծու ընտրությունները կազմակերպողները բացահայտ հանրությանը հայտնում են դրա մասին: «Դիմումը ընդունվել է վարույթ եւ նիստը նշանակվել է մարտի 11-ին, ուստի եւ արդեն այդ նիստի ժամանակ ես կներկայացնեմ այն բոլոր փաստերը, որոնք առկա են»,- նշել է Անդրիաս Ղուկասյանը:
Հարցին` ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները ՍԴ-ից, Անդրիաս Ղուկասյանը պատասխանել է. «Ես միջնորդելու եմ, որ Սերժ Սարգսյանին որպես վկա ներգրավեն այս գործում, իմ կարծիքով դա հիմնավորված է այն փաստով, որ միայն իրեն է հասանելի այն տեղեկությունը, թե ինչպիսին է եղել նրա եւ ընտրական հանձնոժողովների հարաբերությունները: Չէ որ երբ ինքը հայտարարել է, որ կազմակերպել է ընտրություններ, ըստ այդմ պետք է այդ հայտարարությունից բխի, որ նա կազմակերպել է ընտրությունները, որպեսզի հասկանա, թե խախտում տեղի ունեցե՞լ է` այնպիսի զանգվածային, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, թե ոչ»: