Սերկևիլ՝ թավշյա բուժարարը

Սերկևիլենին անհիշելի ժամանակներից տարածված է եղել պատմական Հայաստանում` Փայտակարանի անտառներում. հանդիպում է ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում, Կապանի անտառներում, Մեղրիում` ծովի մակերևույթից մինչև 1200 մ բարձրությունների վրա։

Համարվում է, որ սերկևիլի հայրենիքը Միջին Ասիան է, սակայն կա կարծիք, որ այդ տարածքներում աճող տեսակների պտուղն ուտելի է դառնում մի քանի ամիս հատուկ պայմաններում պահելուց հետո։

Սերկևիլ սովորականը վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքին պատկանող ծառ է, մինչև 8 մ բարձրությամբ, երբեմն աճում է` որպես թուփ։ Ծաղիկները միայնակ են, խոշոր` 4-5 սմ տրամագծով, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիսին, փոշոտումը կատարվում է միջատների միջոցով։ Սերկևիլը մեղրատու բույս է, եթե մոտակայքում կա մեղվափեթակ, ապա բերքն առատ է լինում։ Մեղուները նախընտրում են հավաքել այս ծառի ծաղկահյութը։ Ա. Ամասիացին գրել է. «Եթե սերկևիլի ծաղիկների հյութը քամեն ու լցնեն աչքը` կբարելավի տեսողությունը»։

Հետաքրքիր է իմանալ, որ սերկևիլի մեղրն օգտագործվում է աչքերի բորբոքային հիվանդությունների բուժման համար և կիրառվում է նաև մանկաբուժության մեջ։ Մեկ հեկտար այգուց ստացվում է 18 կգ մեղր. այն թափանցիկ է, ունի հաճելի հոտ, դանդաղ է բյուրեղանում։ Սերկևիլի մեղրը կարգավորում է արյան ճնշումը` տատանումների դեպքում, կիրառվում է առիթմիայի բուժման համար, ամրացնում է սիրտ-անոթային համակարգը։ Սերկևիլի մեղրի և թարմ հյութի խառնուրդը սպիտակեցնում է մաշկը, հարթեցնում պիգմենտային բծերը և պեպենները։ Սերկևիլի պտուղները համեմատաբար քիչ են օգտագործվում հում վիճակում, այնուամենայնիվ, սերկևիլենին մշակվում է ավելի քան 4000 տարի։

Կարդացեք նաև

Հին հույները պատկերել են Հերա աստվածուհուն սերկևիլենու տերևներից պատրաստված պսակով։ Միջերկրածովյան ավազանի ժողովուրդները համարել են, որ սերկևիլը Վեներա աստվածուհուն նվիրված բույս է և խորհրդանշում է սեր և պտղաբերություն։ Սերկևիլը հնագույն ժամանակներից մշակվել է Պորտուգալիայում` հայտնի է պորտուգալական տեսակը, որը կոչվում է «մարմելո»։

Հետաքրքիր է նկատել, որ սերկևիլը մշակվում է կելտական Շոտլանդիայում և նույնիսկ Նորվեգիայում (մինչև 64 աստիճան հյուսիսային լայնությունը), նաև Կենտրոնական Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Աֆրիկայի հյուսիսում և հարավում։

Սերկևիլենին հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ` բուժիչ հատկություններ ունեն տերևը, պտուղը, պտղահյութը, սերմը։

Սերկևիլենու տերևների դասավորությունը հերթադիր է, դրանք ամբողջաեզր են, ձվաձև կամ կլոր։ Տերևի երևացող կողմը կանաչ գույնի է, հակառակ կողմը` մոխրագույն խավոտ։ Երիտասարդ ճյուղերը նույնպես խավապատ են։ Տերևը մթերում են ծաղկման շրջանից հետո` հունիս-հուլիս ամիսներին, չորացնում օդափոխվող ծածկի կամ ջեռոցում` 40-50 C ջերմաստիճանի տակ։ Նույն պայմաններում են չորացնում նաև պտղի սերմերը, չորացրած հումքը պատված է սպիտակ թաղանթով և անհոտ է։ Չորացրած տերևի և սերմի պահպանման ժամկետը 1 տարի է։

Տերևը պարունակում է ասկորբինաթթու, բուսախեժ, լորձ, բույսին բնորոշ ալկալոիդներ, գլիկոզիդներ, դաբաղանյութ։

Տերևից ստացված պատրաստուկներն օգտակար են հիպերտոնիայի, բրոնխների ասթմայի, ստամոքսաբորբի, բարձր ներգանգային ճնշման, ստենոկարդիայի, առիթմիայի, շաքարային դիաբետի համալիր բուժման ընթացքում։

Սերմը պարունակում է մինչև 22,8 տոկոս լորձ, 10 տոկոս տանիդներ, 8 տոկոս ճարպեր, նաև օսլա, սպիտակուցային նյութեր, պեկտին, ներկանյութ, ֆերմենտ` էմուլսին, հանքային միացություններ, 0,53 տոկոս ցիանոգեն գլիկոզիդ ամիգդալին, որը թունավոր նյութ է։

Բուժիչ պատրաստուկները ստանում են միայն ամբողջական սերմերից` եթե պատրաստուկն ունի արտահայտված դառը նշի համ, ուրեմն դրա մեջ ներթափանցել է ամիգդալին։

Ամբողջական սերմի ջրային թուրմը (եփուկը) ունի լուծողական, պարուրող, հակաբորբոքային, փափկեցնող, խորխաբեր հատկություն։ Կիրառում են աղեստամոքսային համակարգի և վերին շնչառական ուղիների հիվանդությունների, այրվածքի, մաշկի ճաքերի, կոնյուկտիվիտի, սնկային հիվանդությունների դեպքում։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հավաքելուց հետո պահում են հով տեղում, այդ ընթացքում բարձրանում է շաքարների և օրգանական թթուների պարունակությունը, թափվում է պտուղների վրայի խավը, դրանք դառնում են ավելի համեղ։

Չոր կամ թարմ պտուղը կիրառվում է աղեստամոքսային համակարգի քրոնիկ խանգարումների, միզապարկի բորբոքման, նյութերի փոխանակության խանգարման դեպքում։

Պեկտինային նյութերի պարունակությունը պտղի մեջ մոտ 4,5 տոկոս է, առկա է նաև մոտ 1,5 տոկոս ցելյուլոզա` այդ նյութերը չեն տրոհվում և չեն յուրացվում օրգանիզմում, դրանք կլանում են թունավոր նյութերը և հեռացնում օրգանիզմից։ Թարմ հյութը նույնպես հարուստ է պեկտինով, խնձորաթթվով, հեշտ յուրացվող շաքարներով, դաբաղանյութերով, պարունակում է կալցիում, մագնիում, կալիում, ֆոսֆոր, նատրիում, երկաթ, պղինձ, այլ միկրոտարրեր, ասկորբինաթթու, ենթավիտամին A, նիացին։

Սերկևիլի հյութը լայնորեն կիրառվել է Ճապոնիայում` բնակչության առողջության վերականգնման ծրագրերում։ Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ հյութը կապում և հեռացնում է ռադիոակտիվ տարրերը մարդու օրգանիզմից։ Սերկևիլի պտուղը և հյութը կիրառվել են նաև Չեռնոբիլի աղետից հետո։ Ճապոնիայում սերկևիլենին լայնորեն օգտագործվում է բնակավայրերի կանաչապատման համար, քանի որ մաքրում է աղտոտված օդը։

Զգուշացում։ Սերկևիլենու պտղից, սերմից և տերևից ստացված պատրաստուկները հակացուցված են կերակրող մայրերին։

Տեսողությունը պայծառացնող. 1 ճ/գ սերկևիլի (կամ սպիտակ ակացիայի) մեղրը լուծեք 1 լ 40-42 C ջերմաստիճանի զտված ջրի մեջ։ Դեմքը մտցրեք սենյակի ջերմաստիճանի մեղրաջրի մեջ, բացեք աչքերը, 15 վայրկյան հետո բարձրացրեք գլուխը, ընդմիջեք 20-30 վայրկյան և կրկնեք աչքերի լոգանքը` ընդամենը 3-4 անգամ։ Մաքուր ջրի փոխարեն` կարելի է օգտագործել տերեփուկ կապույտի, երիցուկի, տուղտի արմատի, սև հապալասի թույլ ջրային թուրմերը։

Աղիները մաքրող. Սերկևիլի պտուղը մաքրեք սերմից և կեղևից, աղացեք, խյուսը խառնեք մեղրի հետ (2։1), տաքացրեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։

Լյարդի հիվանդություններ. Եփեք մեկ միջին սերկևիլի պտղամիսը, տրորեք։ Խյուսը կերեք օրվա ընթացքում, ունի բուժիչ և կանխարգելիչ ազդեցություն։
Պտղի` կապող և միզամուղ հատկությունների շնորհիվ, խորհուրդ է տրվում օգտագործել ցիստիտի համալիր բուժման ընթացքում։

Լեղամուղ. Մանրացրեք պտուղը, 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Նպաստում է լեղու գոյացմանը և արտազատմանը, ունի նիհարեցնող հատկություն։

Օրգանիզմը մաքրող վիտամինային խառնուրդ. Բլենդերի մեջ խառնեք մեկ սերկևիլ, կեսական տանձ և դեղձ, ավելացրեք 50 մլ եռջուր։

Ախորժակը լավացնող. Խառնեք մեկ միջին սերկևիլի քերուկ, 2-ական թ/գ մեղր և խնձորի քացախ։

Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։

Մարսողությունը լավացնող. 100 գ պտղամսին (առանց սերմերի) ավելացրեք 800 մլ զտված ջուր, դրեք կրակի վրա, 5 րոպե եռացրեք, 1 ժամ թրմեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3-4 անգամ։

Լուծ. 200 գ պտուղը (սերմով) 20 րոպե տաքացրեք թույլ կրակի վրա և 1 լ ջրի մեջ (ջրային բաղնիք)։ Խմեք 100-ական մլ` յուրաքանչյուր ժամը 1 անգամ։

Օնկոլոգիա. Ճառագայթային թերապիայի բացասական հետևանքները վերացնելու նպատակով և աղեստամոքսային համակարգի արյունահոսող վերքերի դեպքում կերեք սերկևիլի պտուղ` թարմ, խաշած, ջեռոցում եփած, կամ խմեք հյութը։

Սերկևիլի մեջ պարունակվող հակաօքսիդանտ նյութերը նվազեցնում են ուռուցքների առաջացման և զարգացման վտագը։

Անեմիա. Հեռացրեք պտղից սերմը, տեղը լցրեք 1-2 թ/գ մեղր, եփեք ջեռոցում` մինչև փափկելը։

*15 գ մանրացրած պտղամիսը (առանց սերմերի) 2 ժամ թրմեք 300 մլ եռջրում` ջերմապահի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1,5-2 ժամ առաջ և հետո։

*50 գ պտղամիսը (առանց սերմերի և կեղևի) 8 ժամ թրմեք 400 մլ օղու մեջ, մութ տեղում։ Խմեք 15-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Առատ դաշտան. 100 գ թարմ (կամ 50 գ չորացրած) պտուղը 10 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ։ Խմեք 50-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։

*Փոշիացրեք սերկևիլի սերմը, խմեք կեսական գրամ, օրը 3 անգամ` կաթի հետ։ Օգտագործեք դաշտանից 1 շաբաթ առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Հաստաղիի ճաքեր. Օրը մի քանի անգամ դրեք թրջոցներ սերկևիլի գոլ հյութով։

Բրոնխների ասթմայի սուր նոպաներ. 2 թ/գ սերկևիլի թարմ տերևը (1թ/գ չորը) 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
գ 2 թ/գ սերկևիլի թարմ տերևին ավելացրեք 200 մլ տաք ջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք, մզեք հումքը, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։

Ստամոքսաբորբ. Փոշիացրեք սերկևիլի չորացրած տերևը, 1 ճ/գ փոշին լուծեք 200 մլ տաք ջրում, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։

Շաքարային դիաբետ. Խառնեք 2-ական թ/գ սերկևիլի մանրացրած թարմ տերև և մատղաշ ճյուղ, ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք, քամեք, վերականգնեք ծավալը։ Խմեք 1-ական թ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ։

Հազ, մրսածություն. Խառնեք 1-ական ճ/գ թոքախոտի տերև, անիսոնի պտուղ, սերկևիլի սերմ։ 20 րոպե եփեք 500 մլ ջրում` փակ կափարիչի տակ, 10 րոպե թրմեք, քամեք, խառնեք 1 ճ/գ մեղր։ Խմեք օրվա ընթացքում, գոլ վիճակում։

*Մանրացրեք 1 միջին պտուղ, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 5-6 անգամ։ Անգինայի դեպքում կատարեք ողողումներ։

* Խմեք 2-ական ճ/գ սերկևիլի հյութ` օրը 2-4 անգամ։

Արյունահոսություն լնդերից. Առանձնացրեք 1-2 տարեկան ճյուղի կեղևը, 1 թ/գ մանրացրած կեղևը կես ժամ եփեք 300 մլ ջրում, թույլ կրակի վրա` փակ տարայում։ Կատարեք ողոողումներ։

Օգտակար է նաև ստոմատիտի դեպքում։

Սերկևիլի սերմը պարունակում է մեծ քանակությամբ լորձ, որն ունի պարուրող և խորխաբեր հատկություններ։ Ստամոքսաբորբի, փորկապության, անգինայի, տրախեիտի, բրոնխիտի, թոքախտի` նախնական փուլում օգտակար են սերմից ստացված եփուկը և թուրմը։

Եփուկ. 100 գ սերմը եփեք 400 մլ ջրում` թույլ կրակի վրա, փակ տարայում` մինչև մնա հեղուկի կեսը, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։

Թուրմ. 10 գ սերմը 15 րոպե թրմեք 200 մլ գոլ ջրում, ընթացքում խառնեք` դա կարևոր է, որպեսզի առանձնանա լորձը, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։

Կոլիտ. 10 գ սերմը 8-10 ժամ թրմեք 200 մլ ջրում` սենյակային պայմաններում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։

Կոնյուկտիվիտ. Դրեք թրջոցներ սերմի եփուկով, պահեք 3 րոպե։
Կարևոր է իմանալ, որ մի քանի տարի առաջ գիտնականներն ապացուցել են, որ սերկևիլի տերևի և սերմի թուրմերն ունեն խոլեստերինի մակարդակը կարգավորող հատկություն` արտադրվում են հատուկ եղանակով պատրաստված դեղամիջոցներ։

Արոմաթերապիա. Սերկևիլի կեղևը պարունակում է զգալի քանակությամբ բույսին բնորոշ եթերային յուղեր, որոնք ունեն հակադեպրեսանտ հատկություն։

Սերկևիլի գեղեցկացնող հատկությունները
Անձամբ ինձ համար սերկևիլից ստացված պատրաստուկներն անփոխարինելի են եղել։ Սերկևիլը կարելի է օգտագործել ցանկացած տեսակի մաշկի համար` անկախ տարիքից։

Թույլ, թառամողմաշկ. Մերսեք դեմքը սերկևիլի փոքր դիլիմով։

* Մանր կտրատած սերկևիլի վրա լցրեք այնքան ջուր, որ ծածկի հումքը, թրմեք 2-3 ժամ, քամեք թանզիֆով։ 100 մլ թուրմի մեջ լուծեք 10 մլ օղի, մշակեք մաշկը լվացվելուց հետո։
Դիմակ չոր մաշկի համար. Հարեք 1 ձվի դեղնուց, խառնեք 1-ական ճ/գ գոլ մեղր և բուսայուղ, 1 թ/գ սերկևիլի հյութ։ 15-20 րոպեից մաքրեք։ Կարելի է կատարել շաբաթական 2-3 անգամ, շարունակեք 1 ամիս։ Ունի փափկեցնող, կնճիռները հարթեցնող հատկություն։

*Հարեք 1 ձվի դեղնուց, խառնեք 1-ական ճ/գ սերուցք և սերկևիլի պտղամսի քերվածք։ Մաքրեք 15-20 րոպեից։ Հարմար է նաև նորմալ մաշկին։
*Հարեք 1 ձվի դեղնուց, խառնեք 1-ական ճ/գ կարագ և եփած` տրորած սերկևիլի պտղամիս, 1 թ/գ մեղր, 15-20 րոպեից մաքրեք։

Լոսյոն ճարպոտ մաշկի համար. Մզեք սերկևիլի քերուկը, քամեք թանզիֆով։
Մաքրեք մաշկը հյութի մեջ թրջված բամբակե խծուծով։ Հյութն ունի վերքամոքիչ, սպիտակեցնող հատկություն։

 

Julo-Girq1-113x160 (1)Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը:
Այն կարող եք ձեռք բերել 
«
Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Նոր գիրք» գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս