«Գետամեջ» հավերի մեջ հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ
Ինչպես տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ում (շուկայում առավել հայտնի որպես «Գետամեջ» ապրանքանիշ) դիտարկման արդյունքների հիման վրա իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ՝ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասը ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով: Մսամթերքի մորթի և վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները չեն անցել պարբերական բժշկական զննություն:
Նաև «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական պահեստներից նմուշառված «Սառեցված հավ» արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ:
Վերոգրյալի հիման վրա սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, որոշել է՝
1. Արգելել «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը,
2. Արտադրանքը դուրս հանել շրջանառությունից,
3. Տեղեկացնել սպառողներին այդ մասին և արտադրողի կողմից հետ վերցնել արտադրանքը սպառողներից: