Րաֆֆին՝ Տարոնին. «Ես էլ եմ երևանցի, կարող է ինձ էլ հրավիրել, ես իր մոտ կգնամ»:
Այսօր ժամը 17:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը կպատասխանի այն հարցին, թե ի՞նչ կոնկրետ քայլեր է պատրաստվում անել ապագայում: Այս մասին Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ Եռաբլուր այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այսօրվանից մինչև մարտի 10-ը՝ նրանք, ովքեր այլ ասելիք չունեն, քան քննադատելը, հեգնանքը շարունակելը, իրենց պատասխանը կստանան: Բայց մի բան պարզ է, որ հայ ժողովուրդը և հայ ազգը, Հայաստանի քաղաքացին ժայթքել է ոչ թե Րաֆֆու համար, այլ, քանի որ հասկանում է, որ նժարի վրա է դրված մեր երկրի ապագան»,-ասել է Ր. Հովհաննիսյանը:
Անդրադառնալով քաղաքական կոնսուլտացիաներին`քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումներին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ ինքը բաց է հաղորդակցության համար, պատրաստ է հաղորդակցվել քաղաքական բոլոր ուժերի հետ, եթե նրանք պատրաստ են: Նա նաև նշել է, որ պատրաստ է ինքը նախաձեռնել այս հանդիպումները:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն հայտարարությանը, որ վերջինս Ազատության հրապարակ չի գնալու, քանի որ այդ ընթացքում հանդիպելու է երևանցիների հետ, Ր. Հովհաննիսյանն ասել է. «Ես էլ եմ երևանցի, կարող է ինձ էլ հրավիրել, ես իր մոտ կգնամ»:
Տեսանյութը`շուտով: