Տարոն Մարգարյանն այսօր կգնա՞ Ազատության հրապարակ (տեսանյութ)
Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցում էր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության (ԵԿՄ) Եռաբլուրում կազմակերպած միջոցառմանը: Միջոցառման ավարտից հետո Տարոն Մարգարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցին, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով այսօր քաղաքապետը կգնա Ազատության հրապարակ, Տարոն Մարգարյանը պատասխանել է. «Ես գնում եմ աշխատանքի և հանդիպում եմ մեր բնակիչների հետ, ընդունելության եմ»:
Լրագրողների դիտարկմանը, որ շատերի համար զարմանալի էր այն հանգամանքը, որ Ավան վարչական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի ընտրություններում հաղթանակ էր տարել, Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ Երևանը մեկ համայնք է, մեկ ընտանիք, և առանձնացնել պետք չէ: Նա նաև ավելացրել է, որ Երևանում Սերժ Սարգսյանը հաջողության է հասել:
Երևանի քաղաքապետը հաստատել է այն տեղեկությունը, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբը գլխավորելու է Էդուարդ Շարմազանովը, իսկ ավագանու ՀՀԿ ցուցակի 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնող թեկնածուների անունները դեռևս հայտնի չեն, քննարկվում են:
Հարցին, թե որքա՞ն ձայն կհավաքի ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում, Տարոն Մարգարյանը պատասխանել է՝ «որքան բնակչությունը վստահի»:
Քիչ առաջ Եռաբլուր էր այցելել նաև ՀԺԿ-ն՝ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: Վերջինս հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ շտապում է։