Բաժիններ՝

Ինչի՞ց են մարդիկ դժգոհ. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Իշխանությունն ու ընդդիմությունը՝ իրենց համախոհներով հանդերձ, ընտրությունների արդյունքները մեկնաբանում են՝ ելնելով իրենց քարոզչական նպատակներից։ Ընդդիմությունը կենտրոնանում է բազմաթիվ և բազմապիսի այլանդակությունների վրա, որոնք, անշուշտ, տեղի են ունեցել այս ընտրությունների ժամանակ՝ չնայած նույն ընդդիմությունը բավարար ջանքեր չի զործադրել այդ անօրինություններին իրավաբանական ձևակերպումներ տալու համար։ Իսկ իշխանությունն էլ ասում է՝ դե, սոցիալական խնդիրները շատ են, դժգոհները՝ նույնպես, հենց այդպես էլ պետք է լիներ։

Ընդ որում, երկու կողմերն էլ երբեմն «մարտի են նետում» իրենց անփորձ ներկայացուցիչներին, ինչի արդյունքում տեղի են ունենում որոշ թյուրիմացություններ։ Բայց ներկա իրավիճակի լուրջ, խորքային վերլուծություն, այնուամենայնիվ, չկա, քանի որ այն, ինչ մեզանում կոչվում է «քաղաքագիտություն» կամ «սոցիոլոգիա», իրականում «կցված է» այս կամ այն քաղաքական ուժին։ Ի դեպ, ինչպես և լրագրության մեծ մասը։

Ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, երևի կան մասնագետներ, որոնք ոչ մեկին, կներեք արտահայտությանս, «բալետ չեն անում»: Նրանց բանական, էմոցիաներից (սիրուց և ատելությունից) զուրկ բացատրությունները ինձ, օրինակ, հետաքրքիր կլիներ լսել։

Եվ ամենակարևոր հարցը, որն ինձ հետաքրքրում է՝ արդյոք խնդիրը միայն սոցիալակա՞ն է՝ սոցիալական նեղ իմաստով, մարդկանց եկամուտների, կենսամակարդակի հետ կապված։ Վերցնենք, օրինակ, Քաջարան քաղաքը։ Գործազրկության մակարդակն այնտեղ բարձր չէ՝ մարդիկ աշխատում են կոմբինատում, ստանում են աշխատավարձ, որի մասին Երևանում էլ շատերը կերազեին։

Ինչի՞ց են, ուրեմն, մարդիկ դժգոհ։ Ահա այստեղ է պետք հասարակագիտական սթափ վերլուծություն և ոչ թե անեծքների կամ գովասանքների տարափ։ Ես կարող եմ դատել միայն «աչքաչափով»՝ աոանց գիտական ընդհանրացումների։ Իմ տպավորությամբ՝ մարդիկ այլևս չեն հանդուրժում և այսուհետ ավելի քիչ են հանդուրժելու, երբ ոտնահարվում է իրենց արժանապատվությունը։ Երբ, ենթադրենք, նույն Սյունիքի մարզպետը տարիներ, կարելի է ասել՝ տասնամյակներ շարունակ իրեն ամբարտավան է պահում, իրեն թույլ է տալիս մարդկանց վախեցնել, ստորացնել, արհամարհել, քաղաքացիների մեջ զայրույթ է կուտակվում, որն իր լավագույն, զուսպ, քաղաքակիրթ արտահայտությունն է ստանում քվեատուփերի մոտ։

Երբ նման պաշտոնյաներին տասնամյակներ շարունակ աշխատանքից չեն հանում, այդ զայրույթը, բնականաբար, տարածվում է նաև նրանց վրա, ովքեր տվյալ անձնավորությանը պահում են իր պաշտոնում։ Կոնկրետ մի դեպք մեր պրակտիկայից։ Բագրատյանի հանրահավաքին մասնակցած մի սիսիանցի «Աոավոտի» խցիկի աոաջ «իր սրտի խոսքն» ասաց նույն մարզպետի հասցեին։ Հաջորդ օրն այդ քաղաքացուն ստիպել են «պաշտոնական ալիքով» ներողություն խնդրել «լեզվի սայթաքման» համար ու հայտարարել, թե լրագրողն իրեն խմեցրել է։ Դուք կարծում եք՝ այդ մարդու, նրա ընտանիքի, նրա ընկերների համար նման ստորացումը հե՞շտ է տանել։

Խնդիրը, հետևաբար, միայն սոցիալական չէ։ Հուսով եմ՝ իմ այս համեստ դիտարկումը մասնագետները կհաստատեն, իսկ իշխանավորները հաշվի կառնեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս