Մինչև 2015թ. Հայաստանում ստեղծվելու է տվյալների էլեկտրոնային բազա՝ Ցեղասպանության զոհերի անուններով
Հայաստանում մինչև 2015թ.` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ստեղծվելու է տվյալների էլեկտրոնային բազա՝ Ցեղասպանության զոհերի անուններով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ նշելով, որ այն կստեղծվի գրքերի, թերթերի, արխիվային փաստաթղթերի հիման վրա:
«Մենք հատուկ թղթե քարտերի վրա արդեն հավաքել ենք մոտ 29 հազար անուն, որոնք շուտով կլինեն արդեն էլեկտրոնային տարբերակով»,- ասաց Ա. Վիրաբյանը՝ նշելով, որ իրենք այդ էլեկտրոնային բազայի համար պատվիրել են հատուկ համակարգչային ծրագիր, որը պատրաստ կլինի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
«Մեր երիտասարդ մասնագետները կաշխատեն համակարգչային ծրագրով, իսկ առավել տարեցները տեղեկությունները կհավաքագրեն թղթե քարտերի վրա»,- ասաց Ա. Վիրաբյանը: Նրա կանխատեսմամբ, մինչև 2015թ. մենք կունենանք 200 հազար անուններով տեղեկատվություն, որում կներառվեն նաև մարդիկ, որոնց իրական անունները չեն պահպանվել:
Ա. Վիրաբյանի խոսքով՝ Ցեղասպանության զոհերի անուններով էլեկտրոնային բազան կլինի հայերենով, սակայն հնարավոր է՝ հետագայում դրանք թարգմանվեն նաև այլ լեզուներով: Ազգային արխիվի տնօրենը մտադիր է այդ բազան հատկապես թուրքերենով ստեղծել: