Բյուջետային կրճատումները զգալիորեն կթուլացնեն ԱՄՆ ռազմական հզորությունը. Stratfor
Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի փորձագետները տարածել են «ԱՄՆ. ի՞նչ կանի արգելակալանքը բանակի հետ» խորագրով զեկույցը, որում կանխատեսվում է, թե ինչպիսի հետևանքներ կունենա ԱՄՆ զինված ուժերի ֆինանսավորման կրճատումը.
«Մարտի 1-ից ուժի մեջ մտած ծախսերի ավտոմատ կրճատումն էականորեն թուլացնում է ԱՄՆ բանակի ռազմական հզորությունը: Պենտագոնը ստիպված է առաջիկա 10 տարիներին պաշտպանական ոլորտի ծախսերը կրճատել 500 միլիարդ դոլարով: Միայն բյուջեի տևական կրճատումների սպառնալիքն անմիջականորեն ազդել են ԱՄՆ զինված ուժերի մարտունակության վրա:
Ծովային հետևակը չեղյալ է հայտարարել երկրորդ ավիակրի ուղարկումը Պարսից ծոց՝ հետքայլ կատարելով այն սովորույթից, ըստ որի՝ յուրաքանչյուր տարածաշրջանում պետք է գործի երկու ավիակիր: Դրա փոխարեն երկրորդ ավիակիրը մոտ ապագայում ծառայելու է որպես արագ արձագանքման միավոր:
Մյուս ստորաբաժանումներն արդեն իսկ տեղում ընդլայնել են մի շարք զորամիավորումների ծավալումը և հետաձգել են մյուսների ռոտացիան, քանի որ գործողությունների վայրում մնալը հարաբերականորեն ավելի էժան է, քան՝ միջմայրցամաքային փոխադրումներ իրականացնելը:
ԱՄՆ նավատորմը հայտարարել է մարտական ծառայությունից 9 ավիակրային օղակներից 4-ի և շահագործման տարբեր փուլերում 4 ավիակրի հանման մասին, ինչը նշանակում է, որ երկար տարիներ ԱՄՆ մարտական ծառայությունում մնալու է մեկ ավիակիր և ևս մեկը՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ վիճակում:
Բյուջետային կրճատումները հարվածել են նաև տեխնիկական սպասարկման ոլորտին: Կարող են չեղյալ հայտարարվել բարձր բյուջետային մատակարարման մի շարք ծրագրեր, ինչը խոչընդոտում է զինված ուժերի արդիականացմանը: Երկարատև հեռանկարում կա՛մ կրճատվելու են, կա՛մ էլ հետաձգվելու են նոր սարքավորումների գնումների ծրագիրը:
Կրճատվելու է տարբեր վայրերում ամերիկյան ռազմական ներկայությունը: Ճապոնիայում հնարավոր է ամերիկյան մարտական օդային պարեկների կրճատում: ԱՄՆ նավատորմը նվազեցնում է սեփական ներկայությունը Հարավային Կորեայում: Մինչև տարեվերջ հայրենիք կվերադառնան Աֆղանստանում գտնվող 66.000 զինվորականներից 34.000-ը:
Մնացյալն էլ տուն կվերադառնա մինչև 2014 թվականի ավարտը: Այդ գոտում մնալու է միայն 8000 զինվորական: Բահրեյնում բազավորված 5-րդ նավատորմը վնաս է կրել Պարսից ծոցում միայն մեկ ավիակիր թողնելու որոշումից: Եվրոպայի հետ կապված՝ պլանավորված է 4 մարտական բրիգադներից թողնել միայն երկուսը:
Աֆրիկայում ու Հարավային Ամերիկայում ցամաքային ներկայությունը պետք է լինի հարաբերականորեն անփոփոխ, քանի որ դրանում հիմնականում ներգրավված են հատուկ նշանակության ստորաբաժանումները: ԱՄՆ-ի համար միակ լուրջ հնարավորությունը մնում է զինված ուժերի արագ արձագանքման ուժերի զարգացման պոտենցիալը»: