Բաժիններ՝

Ֆիզալիս՝ հարսի քողով բուժարարը

Ֆիզալիսը մորմազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույսերի ցեղ է, որը միավորում է մոտ 100` բնության մեջ հանդիպող և մշակովի տեսակներ։ Կոճղարմատը բարակ է, տարածվող։ Ցողունն ուղղահայաց է, անկան տակ ծալվող կամ գետնի վրա տարածվող։ Տերևի երկարությունը մոտ 10 սմ է, լայնքը` 6 սմ, գագաթը` սուր, եզրերը` ամբողջական կամ մանր ատամնավոր։ Ծաղիկները սպիտակ են, հինգ աստղաձև դասավորված սրագագաթ ծաղկաթերթերով, որոնց կազմած շրջանագիծը հավասար է մոտ 6 սմ-ի։ Առէջքների փոշանոթների գագաթները թեքված են դեպի ծաղկաբաժակի կենտրոնը։ Ծաղկում է ամռան սկզբում, փոշոտումը կատարվում է միջատների միջոցով։ Ծաղկման շրջանից հետո ծաղկաբաժակը մեծանում է` կազմելով սնամեջ, բարակ պատերով պարկիկ, որի մեջ գտնվում է մեկ բազմասերմ պտուղ։ Պտուղները հասունանում են ամռան վերջում։ Բույսի գիտական անվանումն առաջացել է Physao=փքված բառից և կապված է պտուղը շրջապատող պարկիկի տեսքի հետ։ Ֆիզալիսի տեսակներից մեկի (franchetti) հայրենիքն է Ճապոնիան և Արևելյան Ասիայի մոտակա երկրները։ Ֆիզալիսի պտղապարկը հաճախ համեմատում են չինական լապտերի հետ։ Ֆիզալիս ֆրանշետտիի պտուղն ուտելի է։

Ֆիզալիսի ծաղկաբաժակ-լապտերիկները յուրահատուկ են` իրենց բազմերանգ գեղեցկությամբ. չորացրած վիճակում դրանք կարող են շատ երկար պահպանվել և անգնահատելի են ձմեռային ծաղկեփնջեր կազմելու համար։
Առավել հայտնի են Լատինական և Կենտրոնական Ամերիկայի բնական պայմաններում տարածված տեսակները։ Ֆիզալիսի` գետնամորու նուրբ համ ունեցող տեսակի պտուղները վառ դեղին են, շատ քաղցր, մեկ պտղի զանգվածը 5-10 գրամ է։ Չորացրած պտղի համը նման է չամիչի, պահպանման ժամկետը բավականին երկար է։ Այս տեսակը վաղահաս է, ջերմասեր և լուսասեր։
Պերուական տեսակի պտուղն օվալաձև ձգված է, նարնջագույն, մանր, անանասի արտահայտված բուրմունքով։ Պտուղը նույնպես ուտելի է, պատրաստում են մուրաբա և հրուշակեղեն։ Պահանջկոտ է ջերմության, խոնավության և հողի բերրիության հանդեպ։ Մեքսիկական ֆիզալիսի պտուղները խոշոր են` մեկ պտղի զանգվածը 40-100 գրամ է։ Պտուղները ձևով նման են լոլիկի` տափակ գնդաձև։ Գունային երանգավորումը լայն է. բաց կանաչից` մուգ մանուշակագույն։ Պտուղները համային որակներով զիջում են վերոգրյալ տեսակներին, գրեթե անհոտ են։ Կենսաբանական հատկություններով մոտ են լոլիկին, սակայն ավելի ցրտադիմացկուն են։ Պտղից պատրաստում են մարինադներ, բանջարեղենային խավիար, մուրաբա։ Այս տեսակն անվանում են նաև մեքսիկական լոլիկ և ֆիզալիս բանջարեղենային։
ՀՀ Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու մարզերում և ամենուր` բնության մեջ տարածված է հարսնախոտը(Physalis alkekengi),այլ անվանումներն են` բոջոջ, բշտի դեղ։
Ծաղկաթերթերը սպիտակ կամ բաց դեղին են, հիմքում կան դարչնագույն բծեր։ Դեղաբույսն օգտագործվում է թարմ և հրուշակեղենի արտադրության մեջ, նաև դեկորատիվ այգեգործության մեջ` կտրելու նպատակով։
ՀՀ Արարատյան դաշտավայրում և ցածր լեռնային գոտիներում մշակվում է ֆիզալիս բանջարեղենայինը։
Հարսնախոտի գիտական անվանումն է` ֆիզալիս սովորական, պտուղը պարունակում է դաբաղող և պիգմենտային ներկող նյութեր, լորձ, շաքար, դառնանյութ` ֆիզալին, կվերցետին, ճարպեր (սերմում), օրգանական թթուներ (խնձորի, գինու, սաթի, սուրճի, ֆերուլի, սինապի), ենթավիտամին A, զգալի քանակությամբ ասկորբինաթթու, մեծ քանակությամբ կիտրոնահյութ` 1,4 տոկոս, և պեկտին` 6-15 տոկոս։ Պտղաբաժակի պատյանը պարունակում է ստերոիդներ։
Հարսնախոտը չի օգտագործվում գիտական բժշկության մեջ, սակայն կատարվել են դեղաբանական ուսումնասիրություններ` պարզվել է, որ պտուղն ունի միզամուղ հատկություններ, իսկ պտղապատյանի յուղամզվածքն արագացնում է վերքերի ապաքինումը։ Պտղից ստացված մզվածքներն օգտագործում են բժիշկ հոմեոպատները։
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են թարմ և չորացրած պտուղը, պտղահյութը, բույսի արմատը։ Պտուղների հասունացման շրջանը երկար է. օգոստոսի վերջից մինչև առաջին սառնամանիքները։ Արտաքին պտյանը չհեռացնելու դեպքում պտուղը պահպանվում է մի քանի ամիս։
Զգուշացում։ Հարսնախոտի վերգետնյա մասը և պտղապատյանը պարունակում են թունավոր ալկալոիդներ։ Թեպետ չոր տերևներից և պտղապատյանի թաղանթից թեյն օգտակար է հիպերտոնիայի դեպքում, այն կարելի է խմել միայն փորձառու մասնագետի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ չափաբաժինը կախված է հիվանդի վիճակից և կարող է շատ չնչին լինել։ Հարսնախոտի պտուղները կարելի է ուտել միայն լիարժեք հասունանալուց հետո, դրանք դառնահամ են։

 

Ժողովրդական դեղատոմսեր
Հոդատապ. 20 գ հարսնախոտի չոր պտուղը 10 րոպե եփեք 500 մլ ջրի մեջ, 3 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։
Միզաքարային հիվանդություն, ռևմատիզմ. 20 գ հարսնախոտի չոր պտուղը 20 րոպե եփեք 500 մլ ջրում, մեկ ժամ թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 5-6 անգամ։
Հոդացավ. Խառնեք հարսնախոտի տրորած պտուղ և ձիթապտղի հյութ (1։3), թրմեք 24 ժամ։ Ներմերսեք հիվանդ հոդին քնելուց առաջ։
Ռևմատիզմ, դժվար բուժվող վերքեր. Հարսնախոտի տրորած պտուղը 3 շաբաթ թրմեք ձիթապտղի յուղի մեջ (1։4), քամեք։ Օգտագործեք որպես քսուք։
Մրսածություն. Խմեք 2-ական թ/գ հարսնախոտի պտղահյութ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
Որքին. Օրը 1-2 անգամ մշակեք մաշկի հիվանդ հատվածը պտղահյութով։
Լեղամուղ. 20 գ չոր պտուղը կես ժամ թրմեք 200 լ եռջրում, խմեք 1-ական ճ/գ` օրը 3-4 անգամ։
Հոդացավ. 3 ճ/գ մանրացրած խոտը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 200 մլ եռջրում (փակ կափարիչի տակ), 45 րոպե թրմեք, քամեք։ Դրեք գոլ թրջոցներ ցավոտ մասին, պահեք 1,5-2 ժամ։
Լարինգիտ, ստոմատիտ.
20 գ տրորած թարմ պտուղը (հյութի հետ) եփեք 200 մլ կաթի մեջ։ Խմեք 4-ական թ/գ` օրը 3-4 անգամ, շարունակեք 5 օր։
Ցավազրկող. 10 գ մանրացրած արմատը 15 րոպե եփեք 300 մլ ջրում, վերականգնեք նախնական ծավալը եռջրով, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4-5 անգամ։
Ֆիզալիսի թրջած (բռնվածքի) պտուղը լավացնում է մարսողությունը, նպաստում ստամոքսահյութի առաջացմանը և լեղագոյացմանը, վերացնում է աղիների վնասակար բակտերիաները, բուժում է քրոնիկ փորկապությունը։
Պտուղները կիպ տեղավորեք ապակե տարայի մեջ, վրայից լցրեք աղի և շաքարի ջրային լուծույթ (1 լ ջրին` 25 գ շաքար և 15 գ աղ), վրայից դրեք փայտե շրջանակ, 1-2 օր թրմեք սենյակային պայմաններում, հետո տեղափոխեք սառնարանի մեջ։
Դեղամիջոցը կարող եք օգտագործել 3-4 շաբաթ հետո. կերեք 50-100 գ` նախաճաշից առաջ։
Անեմիայի, հիպերտոնիայի, ծերունական փորկապության, ստամոքսահյութի ցածր թթվայնության, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, շաքարային դիաբետի դեպքում կերեք 25-50 գ հարսնախոտի հասունացած պտուղները` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։
Դիսբակտերիոզ. Պտուղը կերեք կաթնաշիճուկի հետ` նախաճաշից առաջ։
Զգուշացում։ Ստամոքսահյութի բարձր թվայնության դեպքում պետք է սահմանափակել պտղի քանակը (մոտ 25 գ) և օգտագործել անմիջապես ուտելուց առաջ։

Կարդացեք նաև

 

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ» և «Նոր գիրք» գրախանութներում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս