«Եթե բնակչության մեկ տոկոսն էլ կարող է իր մեջ ներդաշնակություն գտնել, ապա Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը զգալի կբարելավվի»
Մահարիշի մենեջմենթի համալսարանի պատվիրակության անդամ Ռոբերտ Ուինն իր տիկնոջ հետ այսօր ժամանել է Հայաստան: Համալսարանի պատվիրակությունն առաջին անգամ Հայաստան էր ժամանել 1989թ.՝ ՄԱԿ-ի՝ երկրաշարժից տուժած բնակչությանն օգնություն ցույց տալու ծրագրի շրջանակներում:
Այն ժամանակ պատվիրակության կազմում էին Մահարիշի մենեջմենթի համալսարանի ներկայացուցիչները՝Ռոբերտ Ուինի գլխավորությամբ, ճարտարապետ, բժիշկ, դասախոսներ, բիզնես կառավարման մասնագետներ: Այցելության նպատակը տուժած բնակչությանը բարոյական աջակցության ցույց տալն էր: «Երբ եկանք Հայաստան, տեսանք մարդկանց տառապած, անհանգիստ, տագնապած դեմքերը: Սկզբում թվում էր, թե մարդիկ միայն ֆինանսական օգնության կարիք ունեն, սակայն նրանց պետք էր ոչ թե ֆինանսական օգնություն, այլ հոգեբանական: Մարդիկ հոգեկան աջակցության, սթրեսներից ազատվելու կարիք ունեին:
Դա պարզ երևաց, երբ մենք սկսեցինք նրանց սովորեցնել տրանսցենդենտալ մեդիտացիա: Մի քանի օրում մարդկանց դեմքերին սկսեց ժպիտ հայտնվել, մարդիկ ներդաշնակություն գտան: Որոշ ժամանակ անց նրանք գալիս էին արդեն գիտակցության բարձր վիճակներ ձեռք բերելու համար: Նրանք հավաստում էին, որ իրենց լավ են զգում և գալիս են հոգեկան ներդաշնակությունն առավել երկար պահպանելու, գիտակցության բարձր վիճակներ զարգացնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Ուինը:
Նրա խոսքով, հայ բնակչության եթե անգամ մեկ տոկոսն էլ կարող է իր մեջ ներդաշնակություն գտնել և պահպանել այս հոգեկան հավասարակշիռ վիճակը, ապա Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը զգալի կբարելավվի: «Տրանսցենդենտալ մեդիտացիան սթրեսները թոթափելու ամենաարդյունավետ, գիտականորեն հիմնավորված միջոցն է, որը կարող է կիրառել յուրաքանչյուրը՝ անկախ կրոնից, ազգային պատկանելությունից, մշակույթից ու կրթության մակարդակից: Եթե Հայաստանում ձեռնարկության ղեկավարներից գոնե մեկը կամ կրթական հաստատություններից որևէ մեկն ընդունի կյանքի բարելավման այս տեխնոլոգիան և կիրառի իր ուսումնական գործընթացի կամ ձեռնարկության մեջ, ապա զգալի արդյունքը շատ շուտով ակնհայտ կլինի: Դրա համար ընդամենն անհրաժեշտ է 200 մարդ, ովքեր միաժամանակ, միևնույն վայրում, միասին կկատարեն ՏՄ և ՏՄ-ՍԻԴՀԻ (կատարելություն) առաջընթաց տեխնիկան: Ես վստահ եմ, որ այս պարագայում հասարակության կոլեկտիվ գիտակցության մեջ առաջ կգա նաև կոհերենտություն (ներդաշնակություն), և, քանի որ ամեն կառավարություն անմեղորեն արտացոլում է կոլեկտիվ գիտակցությունը, ապա կառավարումն առավել արդյունավետ կլինի: Իմ քաղաքում բոլորը մեդիտացիա են կատարում, և մենք օրենքի կիրառման վերահսկողության կարիք չունենք, որովհետև ոչ ոք չի խախտում օրենքը: Օրինակ, մեր քաղաքը՝ Մահարիշի Վեդիք սիթին, հիմնադրվել է 2001թ., և հիմնադրումից ի վեր միայն մեկ դրոշ է գողացվել, այն էլ, երևի, որպես հուշանվեր»,- ասաց Ռ. Ուինը: