Բաժիններ՝

Հարգելի իրավապահներ, մի՛ քաղաքականացրեք «Մարտի 1-ի» գործը և բացահայտեք այն. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Հաճախ այս կամ այն առիթով իշխանության ճամբարից կոչ է հնչում՝ «մի քաղաքականացրեք»: Եթե վերանանք մեր իրականության առանձնահատկություններից, ապա այդ կոչը, որպես այդպիսին, ճիշտ է:

Իդեալական է, երբ պրոցեսներն ընթանում են զուտ իրավական հարթության մեջ: Օրինակ՝ երբ թաղի խուժանը ներխուժում է ընտրատարածք և քվեաթերթիկներ լցոնում, դրան պետք է հակադրվեն ոստիկանները, այնուհետև՝ դատախազությունը, իսկ վերջում՝ դատարանը: Եթե այսպես գործեն պետական այդ երեք մարմինները, ապա ընտրախախտումների խնդիրը քաղաքականացնելու անհրաժեշտություն ամենևին էլ չի առաջանա:

Այսինքն՝ եթե ոստիկանությունը, դատախազությունը և դատարանը լինեն իրենց տեղերում, դա կդառնա սովորական իրավական գործընթաց, որի վրա չի սևեռվելու ոչ հասարակության, ոչ էլ քաղաքական ուժերի ուշադրությունը, իսկ կանոնավոր կերպով պատժվող հանցագործության դեպքերը սովորաբար միտում ունեն քչանալու: Բայց քանի որ շուրջ 18 տարի այդ հանցագործությունները կիրառվում են քաղաքական նպատակների համար, և հենց այդ պատճառով են անպատիժ մնում, մենք ստիպված ենք դրանք քաղաքականացնել՝ պարզապես տրամաբանությունն է դա հուշում:

Որևէ խնդիր չքաղաքականացնելու ամենագլխավոր պայմանը անկախ դատարանն է: Ժամանակին, երբ դատվում էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը, դատավորը հրապարակավ անկեղծ խոստովանեց՝ կարծում եք, ես «իմ գլխո՞ւ» եմ դատում, ես գնում եմ նախագահական և իմ որոշումներն այնտեղ եմ համաձայնեցնում: Խնդիրը հենց դա է՝ ցանկացած բողոք, այդ թվում՝ ընտրությունների վերաբերյալ, մարդիկ պետք է կարողանան ներկայացնել դատարանին՝ վստահ լինելով, որ դատավորը կգործի «իր գլխու»՝ առանց նախագահականի հետ համաձայնեցնելու: Բայց քանի որ մենք վստահ ենք, որ, օրինակ, Տիգրան Առաքելյանին 6 տարի ազատազրկման դատապարտելը նույնպես «համաձայնեցվել է», մենք բացի «խնդիրը քաղաքականացնելուց»՝ այլ ճանապարհ չունենք:

Նույնը «Մարտի 1-ի» սպանդը: Ինչպե՞ս է այն հնարավոր չքաղաքականացնել: Եթե, ենթադրենք, 2008 թվականի ամռանը դատարանի առաջ կանգնեին այդ սպանությունները իրականացնողներն ու պատվիրատուները, ապա հնարավոր կլիներ արձանագրել, որ ընդդիմության խաղաղ հանրահավաքի ժամանակ իրավապահները անիրավաչափորեն զենք են կիրառել, ինչի համար էլ պատժվել են: Սակայն քանի որ 5 տարվա ընթացքում ոչ ոք չի պատժվել, և ճիշտ հակառակը՝ դատարանի առաջ են կանգնել ընդդիմության մի քանի տասնյակ լիդերներ և ակտիվիստներ, դրանից կարելի է եզրակացնել, որ հենց մեր իրավապահ համակարգն է առաջնորդվում քաղաքական շարժառիթներով: Այնպես որ, հարգելի իրավապահներ, մի՛ քաղաքականացրեք «Մարտի 1-ի» գործը և բացահայտեք այն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս