Քանի տարի կտևի Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ լուրեր էին տարածվում, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալու իշխանություններին ուղղված վերջնագրով՝ պահանջելով 48 ժամվա ընթացքում կամ ճանաչել իր հաղթանակը, կամ չեղյալ հայտարարել փետրվարի 18-ի ընտրությունները և հայտարարել նոր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Ըստ այդ տեղեկությունների, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հայտարարեր, որ եթե իշխանությունն այդ 48 ժամվա ընթացքում չի կատարում ներկայացված պահանջը, ապա հանրահավաքը տեղափոխվում է Բաղրամյան պողոտա`նախագահական նստավայրի դիմաց:

Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի վերջնագիր էլ իշխանությանը չներկայացրեց՝ խոստանալով, որ մարտի 2-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ կներկայացնի մարտ ամսին իրենց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագիրը:

Նման լուրերի տարածումը վկայում է այն մասին, որ հանրահավաքի մասնակիցները սկսում են հոգնել հանրահավաքներից, և նրանք ավելի արմատական քայլեր են պահանջում: Բայց դատելով Րաֆֆի Հովհաննիսյանի հռետորաբանությունից, նա դժվար թե գնա արմատական քայլերի: Եթե նախկինում նա հայտարարում էր, որ պայքարը պետք է տևի մի քանի օր կամ ամիս, այսօր նա իր կողմնակիցներին տեղեկացրեց, որ պայքարը կարող է տարի տևել: Թե քանի տարի՝ նա չհստակեցրեց:

168.am-ի տեղեկություններով, իշխանությունները որոշել են որևէ կերպ չխոչընդոտել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների անցկացմանը: Իշխանությունը մտածում է, որ եթե իրենք ավելորդ ջանքեր չգործադրեն իրավիճակը սրելու համար, ապա դա կհանգեցնի հանրահավաքային ալիքի մարմանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս