Ի՞նչ կտա օրենքը զինվորական ծառայությունից խուսափողներին
Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է պաշտպանության, առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառներում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների (այսուհետ` լիազորված մարմիններ) ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր տարեկան ոչ պակաս, քան 4 անգամ այցելություններ կազմակերպելու միջոցով, որի ժամանակ ուսումնասիրվում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցման պայմանները»,- մասնավորապես նշվում է օրենքի նախագծում: Նախագիծն ԱԺ-ում տեղի է տվել տարակարծությունների: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հիշյալ օրենքում տեղ գտած փոփոխություններն ընդամենն արձագանք են եվրոպական դատարանի մի շարք որոշումներին: «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի այս փոփոխությունները բովանդակային առումով ընդամենն արձագանք են Եվրոպական դատարանի մի շարք որոշումների, որտեղ Հայաստանի Հանրապետությունը պարտվել է: Բովանդակային առումով` սրանք պարզապես պատասխան են եվրոպական դատարանի որոշումներում արձանագրված և բարձրացված խնդիրներին: Սրանք որևէ նորություն չեն պարունակում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` սա շատ «զգայուն» օրենք է: «Սա բավականին զգայուն օրենք է, որովհետև շատ լուրջ խնդրի է առնչվում, և հաշվի առնելով նաև, այսպես ասեմ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այսինքն`այսպես ասած, սառեցված պատերազմական իրավիճակը, իհարկե, պետք է շատ զգույշ մոտենանք այդպիսի օրենքների, բայց պետք է ընդունենք նաև, որ ոլորտը կարգավորելու խնդիր ունի: երբ ես հարց բարձրացրեցի, որ ինչպե՞ս պետք է այդ հանձնաժողովը տարանջատի` իրապես երիտասարդը պացիֆիստ է, իրապես ինչ-որ կրոնական համոզմունքներ ունի՞, թե՞ պարզապես, ներեցեք այդ բառի համար, դեզերտիր է` ես այդպես էլ չստացա հստակ պատասխան»: Ն. Զոհրաբյանը նաև նկատեց, որ իր կարծիքով` Արդարադատության նախարարն էլ չէր կարող հստակ պատասխան տալ հանձնաժողովում առկա մարդկային գործոնի առկայության մասին: Ըստ նրա` խնդիրն այն է, թե ինչպե՞ս բացառել այդ սուբյեկտիվիզմը, ինչպե՞ս բացառել, որ երիտասարդը զինվորական ծառայությունից խուսափելու համար ներկայանա ինչ-որ կրոնական կազմակերպության անդամ: «2004թ.-ից օրենքն ընդունված է և, ըստ էության, այն չի գործում: Դրա ալտերնատիվն այն է, որ երիտասարդը, ով հրաժարվում է զինվորական ծառայությունից, նրան դատում են, այսինքն` դա ճիշտ ալտերնատիվ չէ: Եվ այստեղ ես համաձայն չեմ իմ այն գործընկերների հետ, ովքեր հարցին փորձում են մոտենալ եվրոպական կառույցների ճնշման տեսանկյունից: Ինձ համար բացարձակապես նշանակություն չունի, թե եվրոպական այս կամ այն կառույցն ի՞նչ է թելադրում, որովհետև, կներեք, եվրոպական այդ կառույցների իրական գինը ես շատ լավ գիտեմ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշյալ օրենքի նախագծի մասին ասաց, թե այն նույնիսկ ուշացած նախագիծ է: «2008թ. մենք ներդրել ենք այդ համակարգը, 2003թ. օրենքն ընդունել ենք, 2004-ին ուժի մեջ է մտել: Այն ժամանակ, երբ մենք կարող էինք լավ օրենք ընդունել, այսինքն` այս մեղմացումները, որոնք հիմա արվում են Կառավարության կողմից, այն ժամանակ քաղաքացիական հասարակության ինստիտուտները, իրավապաշտպանները, մենք բոլորս առաջարկում էինք, որ միջազգային չափորոշիչներին համապատասխանի «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը: Եթե չհամապատասխաներ, մենք դեռ այն ժամանակ էինք բարձրաձայնում, որ խնդիրներ ենք ունենալու: Եվ 2004թ.-ից անցավ մոտ 8-9 տարի, եկանք այն եզրահանգման, որ մենք ճիշտ էինք, Կառավարությունն էլ եկավ այդ եզրահանգման: Եվրոպական դատարանում մի շարք գործեր կրվեցինք, հարկատուների հաշվին գումարներ վճարեցինք, դրան գումարած` մեր հանրապետության քաղաքացիները, որոնք այլ կրոնական ուղղության հետևորդներ են, քան Հայ Առաքելական եկեղեցու, նրանք տուժեցին և քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրեցին, դրան գումարած` մեր հարկատուները տուժեցին, որովհետև այս մարդկանց համար հարկեր վճարեցին, որ քրեակատարողական հիմնարկներում պահեն»,- ասաց Է. Մարուքյանը: Նրա խոսքով` ներկայացված նախագծով դատվածությունը հանվելու է զինվորական ծառայությունից խուսափած մարդկանցից, ովքեր այդ քայլի համար իրենց պատիժն են կրում քրեակատարողական հիմնարկներում, և այդ մարդիկ այլևս համարվելու են չդատված: