
Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին՝ կապված РИА Новости պետական լրատվական գործակալության կողմից «Ղարաբաղը 25 տավա ընթացքում սովորել է լինել չճանաչված» նյութի հրապարակման մասին:
Այս մասին երեկ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիևն այդ նոտան հանձնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինին: Ադրբեջանի փոխարտգործնախարարն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ռուսական կողմն այդ քայլին է գնացել Իվանյանի (Խոջալու) իրադարձությունների տարելիցի շեմին:
Մամեդկուլիևը հատուկ ափսոսանք է հայտնել, որ այդ տեղեկատվությունը տարածվել է Ռուսաստանի պետական լրատվական գործակալության կայքում, ինչը «ստվեր է նետում» Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի վրա:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի քաղաքագետներն ընդգծում են, որ վերջին շրջանում բավական շատացել են ռուսական ԶԼՄ-ներում և ռուսներին պատկանող արևմտյան ԶԼՄ-ներում հակաադրբեջանական հրապարակումները, որոնք կազմում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած պատերազմի մի մասը: