«Մարդկանց բողոքը սոցիալական անապահով պայմանները, ցածր աշխատավարձերը կամ թոշակները չեն, այլ ստրուկի կարգավիճակից ու անարդարության մթնոլորտից դուրս գալն է»
Ասում է քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը
– Արդեն մի քանի օր է, ինչ բազմաթիվ քաղաքացիներ, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին, դուրս են եկել փողոց, հանրահավաքներ, երթեր են անցկացնում: Դեպի ո՞ւր է գնում սկսված, այսպես կոչված, «Բարևի» հեղափոխությունը, ի՞նչ զարգացումներ այն կարող է ունենալ:
– Կլինի առաջխաղացում, բայց հետընթաց չի լինի: Զարգացումների տարբերակներից մեկն այն է, որ գործող նախագահն ընդունի իրողությունը: Իսկ իրողությունն այն է, որ Սերժ Սարգսյանը պարտվել է, և նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեր հասարակությունը սրանում համոզված է: Գործող իշխանությունը, կարծում եմ, չի զիջի իշխանությունը. նրանք իշխանությունը բռնազավթման մեթոդով իրենց ձեռքում են պահում, ինչը, համոզված եմ, որ ոչ մի լավ բան չի բերի ո՛չ հասարակությանը, ո՛չ իշխանությանը:
Այս իրողությունը, սակայն, իշխանական լծակներին մոտ գտնվող մարդիկ չեն գիտակցում: Հետևաբար՝ շատ բան կախված է հասարակության դրսևորած համառությունից՝ այլ լուծումներ գտնելու առումով: Կարծես թե հեռանկարը կա, որ հասարակությունը խաղաղ ճանապարհով է պահանջում իր դե ֆակտո դրսևորվող կամքը դարձնել դե յուրե: Հնարավոր է, չեմ բացառում, որ կողմերը գնան միջանկյալ լուծումների: Եթե իշխանությունները վստահ են, որ իրենք հաղթել են՝ թող հայտարարեն երկրորդ փուլ: Վստահ եմ, որ հասարակական ակտիվությունն ավելի մեծ կլինի, ու տեղի կունենա համերաշխ լուծում, չի երկփեղկվի հասարակությունը, ընտրությունների վերահսկման ավելի մեծ հնարավորություն կստեղծվի: Իհարկե, կասկած չունեմ, որ երկրորդ փուլում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ կտանի, բայց նրանք, ովքեր հակառակն են պնդում, երկրորդ փուլի միջոցով պետք է ապացուցեն իրենց ճշմարտացիությունը: Ե՞րբ է երևում, որ իշխանությունը պարտվել է: Երբ խոչընդոտում են Րաֆֆի Հովհաննիսյանի և մարդկանց հանդիպումները, երբ ձևականորեն խոսում են արտոնված հանրահավաքների մասին: Այս դեպքերում ակնհայտ է դառնում, որ իրենք պարտված են, այլապես կարող են ասել՝ հանդիպեք, հանրահավաք և երթեր անցկացրեք, և կհամոզվեք, որ դուք փոքրամասնություն եք: Բայց սա չի արվում, որովհետև իրենք ևս կարծում են, որ պարտվել են: Բոլոր այն մարդիկ, ովքեր քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին, կարծում եմ, չեն դժբախտանա, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հռչակվի նախագահ, ընդհակառակը՝ ավելի ուրախ կլինեն: Տրամաբանական միակ զարգացումը երկրորդ փուլի անցկացումն է:
– Բայց չէ՞որ երաշխիքներ չկան, որ երկրորդ փուլը չի ավարտվի նույնկերպ, և, որ չեն լինի խախտումներ, ընտրակեղծիքներ:
– Իհարկե, երաշխիքներ երբեք չկան: Բայց երկրորդ փուլի դեպքում կուժեղանա հասարակական հսկողությունը, ինչպես նաև քաղաքական այն ուժերը, որոնք մի կողմ էին քաշվել, այս կամ այն կերպով գուցե մասնակից դառնան երկրորդ փուլին: Ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը թերագնահատեցին, որ մարդիկ ուզում են, պահանջում են, որ իրենց արժանապատվությունը չոտնահարվի, որ բոլորն օրենքի առջև հավասար լինեն: Մարդկանց բողոքը սոցիալական անապահով պայմանները, ցածր աշխատավարձերը կամ թոշակները չեն, այլ ստրուկի կարգավիճակից ու անարդարության մթնոլորտից դուրս գալն է: Հասարակությունը փոխվել է, ներկա կառավարման մեթոդն էլ իրեն սպառել է: Գործող իշխանությունը մարդուն արժանապատիվ վերաբերվելու առումով իրեն սպառել է ու պետք է զիջի իր տեղը մեկ ուրիշին: Այս ընտրությունների հաղթանակն ինձ համար ակնհայտ մեկն է. հասարակությունն ընդգծեց, որ դեմ է մարդու արժանապատվությունը նսեմացնող ցանկացած երևույթի:
– Անընդհատ շեշտվում է այն մասին, որ քաղաքացիական դիրքորոշման ընկալումները նախորդ ընտրությունների համեմատ աճել են: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, թե գործ է անում ժողովուրդը, և ոչ թե՝ բողոքավոր զանգվածի ղեկավարը: Ի՞նչ է ստացվում: Որ ժողովո՞ւրդն է Րաֆֆի Հովհաննիսյանին տանում առաջ:
– Ո՞վ՝ ո՞ւմ է տանում՝ երկրորդական է, ավելի կարևոր է, որ երկուսն էլ միմյանց զուգահեռ, համընթաց քայլեն: Պետք է ընդունել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, հավատաց ժողովրդին: Դեռ ընտրություններից առաջ անտարբերության մթնոլորտ էր սերմանվում, հիշո՞ւմ եք: Ասվում էր, թե ամեն ինչ վերջացած է, պետք է Սերժ Սարգսյանին մենակ թողնել ոչ լեգիտիմ նախագահի կարգավիճակում, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը հավատաց ժողովրդին, ժողովուրդն էլ՝ իրեն: Հիմա կարևորն այն չէ, թե ո՞վ ՝ ո՞ւմ է տանում, կարևորն այն է, որ համահունչ լինեն:
– Ասացիք, որ տրամաբանական կլիներ, եթե որոշվեր երկրորդ փուլ անցկացնել: Կարծում եք՝ իշխանությունը կգնա՞ այդ կոմպրոմիսային տարբերակին:
– Ես ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համագործակցության ձգտող դիրքորոշումը, բայց, դժբախտաբար, չեմ կարծում, որ իշխանությունները զիջումների կգնան: Գործող իշխանությունը կզիջի միայն պարտության դեպքում: Գուցե հասարակությունը տևական պայքարի մե՞ջ մտնի, չգիտեմ: Այսօրվա իշխանությունները չեն գիտակցում, որ իշխանությունը համառությամբ պահելու իրենց դիրքորոշումն իրենց վրա հետագայում շատ ավելի թանկ է նստելու: Պետք է ընդունել հասարակության հաղթանակը, շնորհավորել հասարակությանը, ոչ թե՝ ամեն գնով պահել: Ռուսական մի ասացվածք կա՝ «не пойман-не вор»: Գուցե և չեք բռնվել, բայց բոլորն էլ գիտեն, որ գողացել եք: Գիտեմ, որ հարցը չի լուծվի այն եղանակով, ինչին շատերը սպասում են, բայց հույս կա, որ կգտնվի միջանկյալ լուծում՝ երկրորդ փուլ: Երկրորդ փուլում իշխանության համար վիճակն ավելի վատ կլինի, քան այս պահին: Ավելացնեմ միայն մեկ բան. Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի մտնել պատմության մեջ՝ որպես նոր Հայաստանի կերտող՝ փոխանցելով իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին: Երբեմն կա պարտություն, որը երկու-երեք հաղթանակ արժե: Նախագահական ընտրություններում իր տարած պարտությունը նա կարող է վերածել եռակի հաղթանակի՝ փոխանցելով իշխանությունը:
– Իսկ եթե Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ կոմպրոմիսային տարբերակ, կամ, ինչպես ասացիք, միջանկյալ լուծում չգտնեն, այս պայքարի շարունակությունը ո՞րն է լինելու:
– Գուցե դա հաղթողներն են պատկերացնում, համենայնդեպս, ես ինքս չեմ պատկերացնում: Բայց այն, որ իշխանությունը, արդեն նախկին իշխանությունը, պետք է համոզվի, որ իրենց չեն ընդունում, դա միանշանակ է: Իրենք էլ են համոզվել, որ այլևս ունակ չեն փոխվելու, փոփոխման շանսը կորցրել են: Այս օբյեկտիվ պահանջը չգիտակցելը շատ թանկ գին կունենա իրենց համար:
– Նկատի ունեք, որհնարավոր է՝ Մարտի մեկը կրկնվի՞:
– Ոչ: Պատմությունն այս ընտրություններով չի վերջանում: Տարիներ կանցնեն, ու այս սխալների համար պատասխան կտան: Իրենք արդեն առիթներ ստեղծել են հետագայում վճարելու համար, թող նոր առիթներ չստեղծեն:
– Կարծես մինչ այս պահը երկու կողմերն էլ զիջումների չեն գնում, համենայնդեպս, այս պահին նման մտադրություն էլ չունեն: Սրա արդյունքում՝ բախումներ, առճակատում հնարավո՞ր է լինի: Մարտի մեկի կրկնությունը հավանակա՞ն է:
– Բախում կարող է լինել մեկ դեպքում, այն է՝ եթե իշխանությունը կազմակերպի պրովոկացիա, ինչը, կարծում եմ, կլինի իրենց ամենամեծ սխալը: Հաղթած հասարակությունը բախման չի գնա, պարզապես իր մեծամասնությամբ կպահանջի իր իշխանությունը: Երբ Սահմանադրություն էինք մշակում, ես առաջարկում էի ներառել մի կետ, որը, սակայն, չընդունվեց, ըստ որի՝ իշխանության բռնազավթման դեպքում հասարակությունն իրավունք ունի ապստամբելու: Ես ապստամբության կոչ չեմ անում, բայց զոռբայությամբ իշխանության ղեկը վերցնելը ճիշտ չէ: Մեր հասարակության ներկայացուցիչները մեծ մասամբ ԱԺ-ում ներկայացված են, և, եթե նկատել եք՝ բացի ՀՀԿ-ից, քաղաքական ուժերից ոչ մեկը չի ընդունել, որ Սերժ Սարգսյանը վերընտրվել է: Սրանից լավ ապացույց, որ ընտրվել է Րաֆֆի Հովհաննիսյանը գոյություն ունի՞: Վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ հասարակական որակական փոփոխություն կլինի, ինչը միանգամայն դրական եմ համարում: Կան մարդիկ, ովքեր խոսում են արտաքին վտանգներից, պատերազմական գոտում գտնվելուց, բայց նման երևույթները մեջբերողները պետք է հասկանան, որ հասարակության բևեռացումը նույնքան վտանգավոր է, որքան արտաքին անհամաձայնությունը: Դրա համար, կարծում եմ, լավագույն տարբերակն իրողությունն ընդունելն է՝ համերաշխության պարագայում, հակառակ դեպքում՝ ակնհայտ է երկփեղկվածությունը, ճգնաժամի խորացումը, ու այս ամենը՝ հանուն ինչի՞: Հանուն նրա, որ լկտիությամբ ու զոռբայությամբ աչքի ընկնողները շարունակեն իրենց անելի՞քը:
– Իսկի՞նչ եք կարծում, Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի՞ անել այն, ինչ 5 տարիառաջ, ըստէության, չհաջողվեց Լևոն Տեր-Պետրոսյանին:
– Բոլորն ընդունում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է, բայց այն ժամանակ խոսում էին այն մասին, որ քաղաքական մի թիմի երկու հատվածներ իրար դեմ են դուրս եկել: Սա համապատասխանում էր իրականությանը: Այսօր իրար հետ չեն կռվում պառակտված թիմի մասերը: Մի կողմից՝ իշխող թիմն է, մյուս կողմից՝ հասարակությունը, որին ընդառաջ է գնացել Րաֆֆի Հովհաննիսյանը: Որակական տարբերությունը զգո՞ւմ եք: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում կար տեսակետ, որ նրանք կգան իշխանության, բայց երևույթի փոփոխություն չեն բերի, հիմա այդպես չէ. հասարակությունը մերժել է անարդյունավետ կառավարման եղանակն ու վստահել իր կառավարումը նոր թիմի, որն առանձնապես առնչություն չունի նախորդների հետ: Մենք պետք է հասկանանք, որ սա ամբողջովին նոր իրավիճակ է, նման չէ ո՛չ 1996-ին, ո՛չ 2008-ին: Սրանք անհամեմատելի են: Գուցե զուգահեռներ այս ժամանակների միջև կարելի է տանել, բայց համեմատել սրանք որակական առումով՝ չի կարելի:
– Նկատի ունեք, որ համեմատել չի կարելի հասարակության դիրքորոշո՞ւմն այս տարիներին:
– Այո, իհարկե: Մենք մի վիճակում ենք, երբ հասարակությունն առաջ է գնացել, քաղաքական գործիչները՝ ոչ: Այսպես էլ է լինում: Եվ պետք չէ հասարակությանը հետ քաշել, պետք է առաջ գնալ: Հասարակությունը պահանջ է դնում, ինչն ավելի գիտակցված է, քան երբևէ: Այստեղ արդեն կարևոր չէ, թե լիդերը քաղաքական ինչպիսի՞ անցյալ ունի, ի՞նչ գիտելիքներ, և այլն: Փաստն այն է, որ ժողովուրդն ընտրություն է կատարել: