Տեր-Պետրոսյանը մեր ժողովրդին կարողացավ սովորեցնել երկարատև պայքարի հոգեբանությանը. Պետրոս Մակեյան

«Կարծում եմ` այն մարտավարությունը, որի մասին նշում է Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե մինչև վերջ գնար, հանգուցալուծում կունենար, բայց չունեցավ, որովհետև այն ժամանակվա ընդդիմությունը` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մեղմ ասած, այդ վճռականությունը չցուցաբերեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` մեկնաբանելով փետրվարի 23-ին ՀՀՇ վերջին համագումարում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հետընրական նոր զարգացումների վերաբերյալ անդրադարձին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդը համագումարի օրակարգից դուրս տվեց իր գնահատականը տեղի ունեցող իրադարձություններին` նշելով. «Ժողովուրդն ընդվզել է, ինչպես դրանից առաջ էր ընդզում էր` բոլոր կեղծված ընտրությունների ժամանակ, վճռականորեն ոտքի է կանգնել` չընդունելու այս ընտրությունների արդյունքները: Իսկ արդյունքներն ինձ համար միանշանակ են. Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը»: Սակայն միաժամանակ առաջին նախագահը կարծիք հայտնեց, որ առայժմ տեսնում է միայն ժողովրդի գործը: Նա Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը համեմատեց 2008 թ. իր գլխավորությամբ իշխանության դեմ մղված պայքարին` նշելով, որ ինքն ունեցել է հստակ ծրագիր: «Ի՞նչն էր մեր ծրագիրը, մեր ծրագիրը պետական մեքենան ջարդելն էր: Այո´, եթե մենք ևս 10-20 օր շարունակեինք, պետական մեքենան փլուզվելու էր»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Իր հերթին համեմատելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքականությունը` փորձառու ընդդիմադիր գործիչ Պետրոս Մակեյանն ասաց, որ այսօր էլ կարծես ընթանում է «պետական մեքենայի» կազմաքանդման գործընթաց, որին ժամանակին ձգտում էր հասնել Տեր-Պետրոսյանը:

«Կարող ենք ասել, որ նույն գործընթացն է գնում, երբ Գիզիրյանի նման մարզպետը, ով իրեն համարում էր ամենակարողն ու ամենաընդունակն էր համարում, հրաժարական է տալիս: Սա էլ կարող ենք կազմաքանդման պրոցես համարել: Կարևորն արդյունքն է: Խնդիրը հետևյալն է` որքան կդիմանա այս պայքարին մեր հասարակությունը»:
Պետրոս Մակեյանը համարում է, որ այսօր Հայաստանի հասարակությունն արդեն հասունացել է, և, ի տարբերություն 96-98 թթ., երբ հասարակությունը մեկ-երկու հանրահավաքներից հետո ցանկանում էր տեսնել իշխանափոխություն, այսօր նա պատրաստ է ավելի երկար պայքար մղել:

Կարդացեք նաև

«Այստեղ, ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի, պետք է նշեմ, որ նա մեր ժողովրդին կարողացավ սովորեցնել երկարատև պայքարի հոգեբանությանը»,- ասաց Մակեյանը:

 

Պետրոս Մակեյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 ժամի» վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս