«Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը». Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը հրավիրել էր իր հերթական` 18-րդ համագումարը, որի օրակարգում կար մեկ հարց` վերանվանել ՀՀՇ-ն և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկով միանալ ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես միասնական կուսակցությանը: Բնականաբար հարցի շուրջ ելույթ ունեցավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ով մանրամասնորեն անդրադարձավ հարցին: Սակայն ավելի կարևոր էր Լևոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ անդրադարձ` օրակարգից դուրս. ՀԱԿ առաջնորդը, ինչպես սպասվում էր, ի վերջո արձագանքեց երկրում տեղի ունեցող քաղաքական նոր զարգացումներին: «Հիմա մի հարց կա, որից չի կարելի խուսափել խոսել. այսօր Հայաստանում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում»,- ասաց Տեր-Պետրոսյանը` անմիջապես արժանանալով ներկաների ծափահարություններին: Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրեն լրագրողները հարց են ուղղել, թե ինչպիսի՞ն է իր վերաբերմունքը Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած գործին: Պատասխանելով այդ հարցին` առաջին նախագահն ասաց, որ առայժմ տեսնում եմ միայն ժողովրդի գործը`ակնարկելով, որ դեռևս չի տեսնում վճռականություն այդ շարժման ղեկավարության կողմից:
«Ժողովուրդն ընդվզել է, ինչպես դրանից առաջ էր ընդզում էր` բոլոր կեղծված ընտրությունների ժամանակ, վճռականորեն ոտքի է կանգնել` չընդունելու այս ընտրությունների արդյունքները: Իսկ արդյունքներն ինձ համար միանշանակ են. Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ես ոչ մի կասկած չունեմ»,- շեշտեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ Սերժ Սարգսյանի ստացած քվեները Տեր-Պետրոսյանն անվանեց ընտրակեղծիքներով ստացած ձայներ: Շարունակելով Տեր-Պետրոսյանն արտահայտեց իր մտահոգությունը, որ եթե այս շարժումը չհասնի իր նպատակին, Սերժ Սարգսյանը, ինչպես նախորդ հինգ տարիներին, ևս հինգ տարի լինելու է «ոչ օրինակարգ նախագահ»: «Ցավոք, կարծեք դրան է գնում. միջազգային հանրությունն օրհնել է Սերժին, վերցրել իր պաշտպանության տակ»,- ասաց Լ.Տեր-Պետրոսյանը: Իսկ այս հանգամանքն առաջին նախագահը և 2008 թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի մրցակիցը բացատրեց հայ-թուրքական հարաբերությունների և Ցեղասպանության հարցի նկատմամբ Սերժ Սարգսյանի դիրքորոշմամբ և դրանով Արևմուտքին արած «նվերով»: «Սերժը Արևմուտքին` Միացյալ Նահագներին այնպիսի մի նվեր է արել` համաձայնելով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որով Ամերիկան, Եվրոպան, ինչպես ասում են, Ցեղասպանության «շառից» պրծան … Սերժը փրկեց նրանց, փրկեց Օբամային…վերջացավ, մեռավ, սպանեց, ջարդեց, ոչնչացրեց, ցեսասպանեց Ցեղասպանության ճանաչման հարցը»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ անկեղծացավ` նշելով, որ դեռևս 2007 թվականից, երբ ինքը մտավ նախագահական ընտրապայքարի մեջ, սառը կերպով գիտակցել է, որ Սերժ Սարգսյանն է Արևմուտքի նախընտրելի նախագահը:
Վերադառնալով այսօր իշխանությունների դեմ սկսված պայքարում մարտավարության անհրաժեշտության հարցին` Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ այսօր չի տեսնում ընդվզած ժողովրդի ղեկավարների գործը: Տեր-Պետրոսյանը, ով իր հերթին 2008 թվականին էր գլխավորում համաժողովրդական շարժումը,ավելացրեց, որ ինքն այն ժամանակ ունեցել է հստակ ծրագիր: «Ի՞նչն էր մեր ծրագիրը, մեր ծրագիրը պետական մեքենան ջարդելն էր: Այո´, եթե մենք ևս 10-20 օր շարունակեինք, պետական մեքենան փլուզվելու էր»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում