Սիրիացի ապստամբները գրավել են նախկին ենթադրյալ միջուկային ռեակտորի տարածքը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբները պնդում են, թե գրավել են Դեյր ալ-Զորից 60 կիլոմետր հեռավորության վրա ընկած այն տեղանքը, որում ժամանակին ենթադրաբար գտնվել է միջուկային ռեակտորը, որը ենթադրաբար ոչնչացվել է իսրայելական ավիացիայի հարվածի հետևանքով:
Սիրիացի ապստամբների բանակի արևելյան միավորված հրամանատարության ներկայացուցիչ Օմար Աբու Լայլան հայտարարել է, որ այդ տեղանքում կանգուն մնացած բազան իրենից հիշեցնում է հրթիռների արձակման վայր: Նա պնդում է, թե իրենք այնտեղ հայտնաբերել են Scud տիպի առնվազն մեկ հրթիռ:
2007 թվականի սետեմբերի 6-ին իսրայելական ավիացիան հարված հասցրեց Սիրիայի տարածքին: Դրանից հետո արևմտյան մամուլը գրեց, որ այդ տեղանքում է գտնվել Հյուսիսային Կորեայի օգնությամբ կառուցված միջուկային ռեակտորը: Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Սիրիան բողոք էր հղել ՄԱԿ-ին՝ կապված իր օդային տիրույթ իսրայելական 5 մարտական ինքնաթիռի ներխուժման ու իր տարածքին ռմբային հարված հասցնելու հետ:
Հիշեցնենք, որ կարծիքներ կան, թե իսրայելական ավիացիան իր տվյալ գործողության իրականացման ժամանակ օգտվել է Թուրքիայի տարածքից՝ գործողության գաղտնիությունն ապահովելու համար: