«Ոստիկանապետը կարող էր չընդառաջել Րաֆֆի Հովհաննիսյանին». փոխոստիկանապետ
Այսօր դեպի Եռաբլուր շարժվող Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա ընտանիքին ու հարյուրավոր քաղաքացիներին ուղեկցում էին բազմաթիվ ոստիկաններ: Նրանց մեջ էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Galatv.am-ի այն հարցին՝ «Ինչպե՞ս կգնահատեք Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործչին, համակրո՞ւմ եք նրան, որպես քաղաքական գործիչ», Վալերի Օսիպյանը պատասխանել է.
«Ես համակրում եմ ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքին և մեր երկրի գլխավոր հրամանատարին: Իսկ առհասարակ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, մենք չենք կարող քաղաքական գնահատական տալ այս կամ այն իրադարձությանն ու քաղաքական գործչին: Կարծում եք, մենք պետք է ծափողջույններով ընդունեի՞նք Րաֆֆի Հովհաննիսյանի չարտոնագրված հանրահավաքը: Դուք տեսաք, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ընդառաջեց Րաֆֆի Հովհաննիսյանին, և քաղաքապետարանի հետ կապվելով՝ հոսանք ապահովեցին: Նա կարող էր դա չանել, որովհետև, կրկնում եմ, հավաքը չարտոնագրված էր»: