Հանրահավաքի անակնկալներից. հարթակում Արկադի Վարդանյանն է
Ազատության հրապարակում այս պահին ընթացող՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքում ելույթ է ունեցել Արկադի Վարդանյանը։ Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ Վարդանյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք բողոքի լուրջ ակցիաներ են անցկացնում Հայաստանում։ Ի վերջո նրան ձերբակալեցին և ստիպեցին հեռանալ Հայաստանից։ Արկադի Վարդանյանը երկար ժամանակ Հայաստանի քաղաքական կյանքին չէր միջամտել։
«Ես շատ ուրախ եմ և մեկ անգամ ևս ցանկանում եմ մի հարց ուղղել այստեղ հավաքված տղամարդկանց. նրանք, ովքեր իրենց տղամարդկանց չեն համարում, թող ձեռք բարձրացնեն»,- ասաց Ա. Վարդանյանը, ում ասելով` ինքը նույն հարցը տվել է այն ժամանակ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ինքը երկրի միակ տղամարդն է: Ա. Վարդանյանի խոսքով` ժողովուրդը կայուն է և իրավունք ունի ապրել ժողովրդավար երկրում, իսկ Ր. Հովհաննիսյանը չի լինի այնպիսի նախագահ, որը ժողովրդին կոչ կանի մեկը մյուսից պարտք անելով ապրի: Ա. Վարդանյանը նշեց, որ չի ցանկանում ապրել այնպիսի մի երկրում, որտեղ թափթուկներն իրենց իրավունք են վերապահում ժողովրդին «համբալ» անվանել, մի այնպիսի երկրում, որը շարունակաբար հայաթափվումէ և նպատակ ունի դառնալ պարսկական ոչխարների արոտավայր:
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով։