«Ժառանգությունն» այսօր ժամը 5-ին կասի՝ ընդունում է այս ընտրության արդյունքները, թե՞ ոչ

«Ես տեսա, որ քաղաքացին տեղամաս էր բերել իր երեխայի ապագայի պատասխանատվությունը: Դանդաղ է, դժվար է, բայց քաղաքացին ծնվում է, որն էլ գնահատում է իր ես-ը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց, որ ինքը գլուխ է խոնարհում Շիրակի ժողովրդի առջև, ոչ թե այն պատճառով, որ նրանք մեծ թվով ձայներ են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ որովհետև «փորձել են պահպանել իրենց կարծիքը»: Ռուբեն Հակոբյանն ավելացրեց, որ բոլոր քաղաքներում հաղթել Է Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած նրան, որ ինքը տեսել է, թե ինչպես են ամենուր կիրառվել վարչական ռեսուրսները:

«Յուրաքանչյուր տեղամասերում նստած են եղել դիտորդներ, որոնք արձանագրում էին, թե ովքե՞ր են եկել ընտրության, ովքե՞ր չեն եկել, ո՞ւմ պետք է բերեն, և սա ղեկավարվում էր ՀՀԿ-ի կողմից: 34/36 տեղամասում Ժողովրդավարական ակադեմիա դիտորդական առաքելության երիտասարդները յուրաքանչյուր ընտրողից հարցնում էին տվյալ անձի համարը և փոխանցում էին տվյալը համապատասխան տեղ: Դրանով իրենք իրենց ցուցակում արձանագրում էին, թե ո՞վ է եկել և ո՞վ դեռ պետք է գա ընտրության: Այդ ամենը հովանավորվում էր Սուքիաս Ավետիսյանի կողմից, որը կանխվեց Շիրակի ժողովրդի կողմից: Ես հետևողական եմ լինելու այս հարցով»,- ասաց Հակոբյանը:

Նա շեշտեց, որ, իր կարծիքով, երբ իշխանությունը զգաց, որ Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթում` սրություն, լարվածություն հաղորդեց գործընթացին: «Ընտրություններում հաղթեց վստահութունը, ժպիտը: Իսկ այսօր ժամը հինգին գնահատական կտանք ընտրություններին, կասենք «Ժառանգությո՞ւնն»  ընդունում է այս ընտրության արդյունքները, թե՞ ոչ: Սպասեք ու կտեսնեք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս