
ՀՀ նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են բաց և թափանցիկ մթնոլորտում. ԵԱՀԿ-ի հայտարարությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ կապված երեկ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների հետ:
Հայտարարությունում ԵԱՀԿ-ն ընդգծել է, որ ընտրություններում բարելավվել է քվեարկության կազմակերպման գործընթացը՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ ընտրություններին չի բավականացրել մրցողականությունը: ԵԱՀԿ դիտորդների կարծիքով՝ այն փաստը, որ մի շարք ազդեցիկ քաղաքական ուժեր նախընտրեցին իրենց թեկնածուներին չառաջադրել ընտրություններում, նեղացրեց ընտրողների ընտրության հնարավորությունները:
Բացի այդ, նախընտրական կամպանիայի ժամանակ շեշտը հաճախ դրվել է ոչ թե նախընտրական հարթակի, այլ՝ նախագահի թեկնածուների անձերի վրա: ԵԱՀԿ պատվիրակությունն ընդգծել է քաղաքական գործընթացում ընտրողների աճող ներգրավվածությունը և մասնավորապես սոցցանցերի միջոցով:
Չնայած նրան, որ ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են բաց և թափանցիկ մթնոլորտում՝ դիտորդներն ընդգծում են, որ ոստիկանությանը միշտ չէ, որ հաջողվել է ընտրատեղամասերում կանխել մեքենայությունների դեպքերը՝ կապված ընտրողների գրանցման հետ: