
Վստահված անձը վկայականի փոխարեն՝ կրել է ՀՀԿ շքանշան

Դալարիկի թիվ 21-52 ընտրատեղամասում, իր վերնազգեստի վրա վստահված անձի վկայականը փակցնելու փոխարեն, վստահված անձը կրծքին կրել է ՀՀԿ կրծքանշանը: Այս մասին «Մեդիա կենտրոնում» Skype-ով ուղիղ միացման ժամանակ ասաց «Արմավիրի զարգացման կենտրոն» հ/կ նախագահ Արման Ազիզյանը: Նրա խոսքով` դա իրենց արձանագրած ամենակարևոր խախտումն է: Նշենք, որ «Արմավիրի զարգացման կենտրոն» հ/կ-ն այս ընտրություններին ունի 275 դիտորդ:
Ա. Ազիզյանի խոսքով` ընդհանուր առմամբ, խախտումները տարբեր են: «Առավոտյան ժամերին ամեն ինչ շատ հանգիստ էր, բայց ցերեկվա ժամերին մարդկանց մեծ կուտակումներ են նկատվել, մեքենաների թիվը ևս շատ է»,- ասաց Ա. Ազիզյանը` նշելով, որ զարմանալիորեն մարդիկ ավելի շատ են դրսում, քան ներսում:
Ա. Ազիզյանի խոսքով` ընտրատեղամասերում հիմնականում տեխնիկական, կազմակերպվածության սխալներ են: