Բաժիններ՝

«ՄԻԱՎ-ի տարածման աճի տեմպերով մեր տարածաշրջանը շատ վատ վիճակում է գտնվում». Արուս Մկրտչյան (լուսանկարներ)

«The Laboratory» ընկերությունը և «UNAIDS» Հայաստանը՝ ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Giraffe Photostudio»-ի հետ համատեղ, մեկնարկել են «ՁԻԱՀ-ը բոլորի և յուրաքանչյուրի խնդիրն է» անունը կրող լուսանկարների մրցույթը։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց 2012 թվականից UNAIDS-ի «Red Ribbon» տարածաշրջանային թիմում Հայաստանի ներկայացուցիչ Արուս Մկրտչյանը (DJ Vakcina)։

«2009 թվականից մինչև օրս ես կազմակերպում եմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրին նվիրված տարբեր միջոցառումներ, որոնք անցկացվում են թե՛ սեմիարների տեսքով, թե՛ ակումբային տարբերակով, և թե՛ զոհերի հիշատակին նվիրված բացօթյա մոմավառություններ կազմակերպելով; «ՁԻԱՀ-ը բոլորի և յուրաքանչյուրի խնդիրն է» անունը կրող լուսանկարների մրցույթը 2013-ի առաջին նախագիծն է»,- մեզ հետ զրույցում ասաց DJ Vakcina-ն։

Լուսանկարներում պատկերված են հայտնի արտիստներ, այդ թվում` Սոֆի Մխեյանը, DJ Serjo-ն, Հրաչուհի Ութմազյանը, Լուսինե Բադալյանը, Հասմիկ Կարապետյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Գոհար Գասպարյանը, DJ Vakcina-ն, Միշոն, Եգոր Գլումովը, Գարիկը, Գոռ Սուջյանը, Հրաչ Մուրադյանը և այլք։

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս մրցույթին հայտնի մարդկանց ներգրավվածությունը, Արուս Մկրտչյանը պատասխանեց. «Արտիստների ներգրավման առաջարկը կրկին եղել է իմ կողմից։ Կարծում եմ` «աստղերը» մեծ ազդեցություն ունեն մարդկանց վրա։ Բացի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանից, ով միշտ խոսում է սեռական ճիշտ կյանքից, մնացած բոլորն այն «աստղերն» են, որոնց խոսքն անպայման հասնում է իրենց երկրպագուներին»։

Նկարներում առկա կարգախոսներն ընտրված են Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի կողմից։ Բացի կարգախոսներից` նկարների ներքևի հատվածում մարդիկ կարող են ձեռք բերել 3 տեսակի ինֆորմացիա։ Առաջինը՝  թե ինչպե՞ս կարող են յուրաքանչյուր պահի` զանգահարելով մասնագետի, խորհրդատվություն ստանալ։ Երկրորդը՝ թե ինչպե՞ս կարող են բուժզննում անցնել, և երրորդը` ՄԻԱՎ վարակակիր լինելու դեպքում` ինչպե՞ս կարող են անվճար բուժում ստանալ։

Մրցույթին մասնակցող լուսանկարները, բացի նրանից, որ տարածվում են Facebook-ում, փակցվելու են նաև Երևանի մի շարք վայրերում` բուհերում, դպրոցներում և շատ ուրիշ վայրերում։

Հաղթողն ընտրվելու է՝ ըստ լայքերի քանակի։ Նրան կտրամադրվի փոքրիկ նվեր և հնարավորություն կընձեռվի մասնակցել «The Laboratory» ընկերության և «UNAIDS» Հայաստանի կողմից կազմակերպվելիք մյուս նախագծերին։

Խոսելով` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին մարդկանց տեղեկացվածության մասին` Արուսն ասում է, որ անվճար բուժման մասին շատ քիչ մարդիկ գիտեն, բացի դրանից էլ՝ շատ քչերն են կարևորում պարտադիր թեստավորումը. «Մի ժամանակ առաջ փորձում էի այնպես անել, որ թեստավորումը պետական մակարդակով պարտադիր դառնա։ Պարզվեց, որ դա թույլատրելի չէ, բայց մարդիկ, այնուամենայնիվ, պետք է հասկանան, թե իրենց համար որքան կարևոր է թեստավորում անցնելը։ Հայաստանում շատ վատ վիճակագրություն ունենք, և ընդհանրապես ՄԻԱՎ-ի տարածման աճի տեմպերով մեր տարածաշրջանը շատ վատ վիճակում է գտնվում։

Նույնիսկ Աֆրիկայում աճի տեմպերն ավելի քիչ են, քան այստեղ, իսկ դա գալիս է նրանից, որ այստեղ մարդիկ տեղեկատվության չեն տիրապետում։ Երբեմն այնքան աբսուրդ բաներ ես լսում, որ ուղղակի ապշում ես։ Մարդիկ կան, որ դեռ չգիտեն, որ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով է անցնում, չգիտեն, որ այն համբույրից չի անցնում, չգիտեն, որ կարելի է թեստավորվել, և այլն։ ՄԻԱՎ-ից զերծ մնալու կանոններն այնքան պարզ են, որ, եթե դրանք այդ կանոններով շարժվեն, կյանքում հաստատ ոչ մի խնդիր չեն ունենա»։

UNAIDS-ի «Red Ribbon» տարածաշրջանային թիմում Հայաստանի ներկայացուցիչը ցանկանում է նման ակցիաների մասշտաբները մեծացնել և ավելի շատ մարդկանց ներգրավել. «Ճիշտ է, ամենախոցելի խումբը Երևանում է գտնվում, բայց երկրորդ աղբյուրը Գյումրին է, և ամռանը կփորձենք ակցիաներ կազմակերպել նաև շրջաններում»։

Վերջինս կարևորում է նաև այն, որ Հայաստանում պետք է ընտրվի մի այնպիսի օրենք, ըստ որի՝ սոցիալական գովազդները հեռուստատեսությամբ ազատ կցուցադրվեն. «Հեռուստատեսությամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին ընդհանրապես չի խոսվում, միայն դեկտեմբերի մեկին են մի քանի բան խոսում։ Դա շատ վատ է, քանի որ հեռուստատեսությունով այսպիսի կարևոր խնդիրների մասին շատ պետք է խոսվի»։

Այն հարցին, թե արդյո՞ք 2009 թվականից այս կողմ բարձրացել է մարդկանց տեղեկացվածության մակարդակը, Արուսը պատասխանեց. «Պարզ է, որ գոնե մի փոքր տոկոսով ինչ-որ բան փոխվել է, բայց չեմ կարող ասել, որ այդ փոփոխությունը մասշտաբային է։ Այս պատճառով էլ փորձում ենք շրջանակները մեծացնել, բայց սա այն խնդիրն է, որն անպայման պետք է պետության կողմից աջակցություն ունենա»։

«Մարդկանց խորհուրդ կտամ՝ շատ ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ և անպայման ՄԻԱՎ թեստավորում անցնեն»,- իր խոսքը եզրափակելով` ասաց Արուս Մկրտչյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս