Արդյո՞ք Հայաստանում տեղի կունենա սահմանադրական հեղափոխություն

Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնում նախագահ Սերժ Սարգսյանը մի հայտարարություն արեց, որը կարող էր լինել նրա նախընտրական կարգախոսը՝ «Դեպի ապահով Հայաստանի» փոխարեն: Կենտրոն վարչական շրջանի ընտրյալ ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց. «Հայաստանը արդարության, հավասար հնարավորությունների և բոլորի համար միասնական և պարտադիր խաղի կանոնների կարիք ունի»: Հայաստանն իսկապես կարիք ունի արդարության, քանի որ Հայաստանում չկա արդարադատության համակարգ, և դատարանները վճիռներ են կայացնում կա՛մ վերևից եկող հրահանգի համաձայն, կա՛մ աճուրդի միջոցով. կողմերից ով ավելի շատ կվճարի սկզբունքով:

Հայաստանը կարիք ունի հավասար հնարավորությունների. քանի որ Հայաստանում կա արտոնյալների խավ, որն ունի մենաշնորհներ,  պետական աջակցություն, որով խեղդում է մրցակիցներին: Հայաստանն ունի խաղի միասնական և բոլորի համար պարտադիր խաղի կանոնների կարիք, քանի որ նույն արարքի համար մարդը` կախված իր պաշտոնից և սոցիալական դիրքից, կարող է տարբեր վերաբերմունքի արժանանալ: Միայն այս երեք հիմնական պայմանների ապահովման դեպքում է հնարավոր ստեղծել ապահով Հայաստան:

Սերժ Սարգսյանը խոսեց հեղափոխություն անելու անհրաժեշտության մասին: Նա ասաց, որ Հայաստանում այսօր ամենաշատ արծարծվող տերմիններից մեկը հեղափոխությունն է, որը բացատրվում է Ուկրաինայում, Վրաստանում, ապա՝ նաև արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների ազդեցությամբ: ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 25 տարի առաջ հայ ժողովուրդը սկսեց իր հեղափոխությունը, որի նպատակը ոչ թե իշխանությունն էր, այլ սեփական ճակատագիրը փոխելու, ազատ ապրելու հնարավորությունը: Սերժ ՍարգսյանՆ ասում է, որ խոսքը վերաբերում է Ղարաբաղյան շարժմանը: Բայց 25 տարի առաջ իրար հետ հեղափոխություն սկսած զինակիցների միջև հակասություններն այսօր սրված են:

Դրա պատճառն այն է, որ նախկին զինակիցներն իրար հարց են տալիս. Ինչո՞ւ դու պետք է կառավարես և ոչ թե՝ ես, ինչո՞վ ես դու ինձանից լավը: Ըստ Սարգսյանի, իշխանության հասնելու մոլուցքը մարդկանց մղում է նորանոր հեղափոխությունների: Մարդիկ սկսում են մտածել, որ, եթե մեկ անգամ ստացվել է, ինչո՞ւ չպետք է հաջողվի երկրորդ անգամ, որը հանգեցնում է հեղափոխական բռնությունների փակ շրջանի:

Սարգսյանն ասում է, որ քաղաքակիրթ երկրներում այդ չարիքի լուծումը գտել են. և դրա անունը Սահմանադրություն  է: Հայաստանում ևս կա Սահմանադրություն, որը արգելում է ինչպես՝ իշխանությունը բռնի զավթելը, այնպես էլ՝ իշխանությունից բռնի կառչելը: «Հայաստանում այսօր տեղի է ունենում հեղափոխություն, և դա Սահմանադրական հեղափոխություն է»,- ասում է Սերժ Սարգսյանը: Ո՞րն է Սահմանադրական հեղափոխությունը՝ ըստ Սերժ Սարգսյանի. այն, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գեղեցիկ քարոզարշավ է անում և հնարավորություն ունի տասնյակ-հազարավոր մարդկանց ձեռքսեղմումների միջոցով նոր քաղաքական մշակույթ ստեղծել երկրում, իսկ Հրանտ Բագրատյանը ներկայացնում է իր ծրագրերը, և ինքը հետաքրքրությամբ է դիտում նրա հարցազրույցները: Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքն ուրախ է, որ խորհրդարանում կա այնպիսի պատգամավոր, ինչպիսին Հրանտ Բագրատյանն է, որը ներկայացնում է իր ծրագրերը:

Արդյո՞ք դա Սահմանադրական հեղափոխություն է: Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում բոլոր թեկնածուներն էլ հնարավորություն են ունեցել հանդիպել ընտրողների հետ և ներկայացնել իրենց ծրագրերը: Հայաստանում Սահմանադրական հեղափոխության մասին կարելի կլինի խոսել միայն այն ժամանակ, եթե Հայաստանում իշխանությունը ձևավորվի ընտրությունների միջոցով, և իշխանություն ձևավորելու իրավունքը ստանձնի ընտրողների մեծամասնության քվեն ստացած նախագահի թեկնածուն և քաղաքական ուժը: Սահմանադրական փոփոխություն տեղի կունենա, եթե իշխանության փոփոխությունը տեղի ունենա Սահմանադրությամբ նախատեսված գործընթացների արդյունքում: Թերևս, միայն այդ դեպքում կարելի կլինի խոսել Սահմանադրական հեղափոխության մասին:

Տեսանյութեր

Լրահոս