Քանի՞ like ունեն նախագահի թեկնածուները. Սերժ Սարգսյան նախընտրում է մենախոսել

ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններին մասնակցող միակ թենածուն է, որ Facebook սոցիալական ցանցում էջ չունի, և ներկայացված չէ Facebook-ում: Այս մասին այսօր «Ընտրությունների արտացոլանքը սոցիալական ցանցերում» Մեդիա-կենտրոնում հրավիրված ասուլիս-քննարկման ժամանակ ասաց «Ինտերնյուս» հ/կ ներկայացուցիչ, media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը:

168.am-ի խնդրանքով Գեղամ Վարդանյանը մեկնաբանեց, թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի պասիվությունը Facebook-ում:

«Facebook-ը, Twitter-ը և նմանատիպ այլ սոցիալական ցանցերը սոցցանցեր են, որոնք ենթադրում են անձնական շփում: Դրանք նպատակահարմար են, երբ թեկնածուն ինքն է գրառումներ կատարում գոնե երբեմն և ինքն է պատասխանում մեկնաբանություններին: Այսինքն՝ այդտեղ ավելի անձնական շփում է ունենում: Կարող եմ ենթադրել, որ դա քաղաքականության մաս է: Գործող նախագահը, ըստ երևույթին՝ նրա թիմը, որոշել է չօգտվել Facebook-ից և Twitter-ից»,- ասաց Գ. Վարդանյանը՝ միաժամանակ նշելով, որ դրա փոխարեն  ընտրարշավի ընթացքում շատ ակտիվացել է ՀՀԿ-ի YouTube-ի էջը: Գ. Վարդանյանի խոսքով՝ YouTube-ում տարածվում են ՀՀԿ թեկնածուի քարոզչական բոլոր տեսանյութերը, օգտագործվում են նաև Flickr-ի հնարավորությունը՝ լուսանկարները տարածելու համար:

«Ըստ էության՝ դրանք այնպիսի կայքեր են, որտեղ կարելի է, իհարկե, մեկնաբանություններով շփվել, սակայն նաև կարելի է միշտ փակել, բացել մեկնաբանությունների հնարավորությունը, և այլն»,- ասաց նա՝ նկատելով, թե այդ կայքերն ավելի շատ ոչ անմիջական շփման հնարավորություններ են տալիս, և գուցե դա նույնպես քաղաքականություն է:

Կարդացեք նաև

Գեղամ Վարդանյանը դիտարկելով Սերժ Սարգսյանի ընտրարշավը և համեմատելով այն նախագահի այլ թեկնածուների հետ, եկել է հետևյալ եզրահանգմանը. «Այլ թեկնածուներն ասուլիսների են մասնակցում, հարցազրույցներ են տալիս, իսկ գործող նախագահն ավելի շատ նախընտրում է, այսպես ասած, մենախոսել: Այդ միակողմանի «ալիքի» պահը նաև այստեղ կա, բայց այնպես չէ, որ ամբողջությանբ չի օգտագործում սոցիալական մեդիան»,- ասաց Գ. Վարդանյանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ քաղաքական քննարկումների համար Հայաստանում օգտագործում են միայն Facebookը: «Չնայած նրան, որ համացանցը տալիս է շատ ավելի լայն հնարավորություններ և տարբեր տեսակի հարթակներ, սակայն ներկայում քաղաքական քննարկումների առումով հիմնական մոնոպոլիստ հարթակը մնում է Facebook-ը, չնայած նույն Odnoklassniki կայքն ավելի շատ օգտատեր ունի Հայաստանից»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Նշենք, որ Facebook-ում Հայաստանից գրանցված է շուրջ 395.000 օգտատեր, իսկ Odnoklassniki-ին՝ մոտ 800.000: Չնայած սրան՝ քաղաքական, սոցիալական և այլ տիպի խնդիրների շուրջ քննարկումները և հարցերը հիմնականում բարձրացվում են Facebook-ում:

Տեղեկացնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Facebook-ում ունի իր պաշտոնական էջը, որն ունի մոտ 3000 հետևող (like), Վարդան Սեդրակյանը՝ մոտ 5000, Անդրիաս Ղուկայանը՝ 2000, Պարույր Հայրիկյանը՝ մոտ 4000: Ամենաշատ like-եր ունեցող նախագահի թեկնածուն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն է. նրա պաշտոնական էջը հավանել է 14.350 օգտատեր, իսկ ամենաքիչը՝ Արման Մելիքյանը. նա ֆեյսբուքում ունի 653 «ընկեր»: Հավելենք, որ դա Արման Մելիքյանի ոչ թե պաշտոնական, այլ՝ անհատական էջն է:

Տեսանյութեր

Լրահոս